Մի շարք գրանդ ակումբներ հետաքրքրված են Ջամալ Մուսիալայի ծառայություններով
«Բավարիայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան, հնարավոր է, մոտ ժամանակներս փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports Deutschland-ը, 20-ամյա ֆուտբոլիստի և «ռեկորդ մայսթերի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2026 թ. հունիսի 30-ին, որի երկարաձգման շուրջ կողմերը դեռևս բանակցություններ չեն վարում։
Աղբյուրի փոխանցմամբ` երիտասարդ ֆուտբոլիստի աշխատավարձը, հավելավճարները ներառյալ, այժմ 9 մլն եվրո է։
«Լավ պայմանագիր է, սակայն, եթե գումարի այդ չափը համեմատենք միջազգային չափանիշների հետ, ապա աշխարհում երկու ակումբներ կան, որոնք պատրաստ են ավելի շատ վճարել»,- նշել է Sky Sports Deutschland-ի խմբագիր Ֆլորիան Պլետենբերգը։
«Հատկանշական է, որ ներկա պահին Մուսիալան չի մտածում «Բավարիայից» հեռանալու մասին և նրա համար առավել կարևոր բաներ կան, քան աշխատավարձն է։ Նրա համար, առաջին հերթին, առաջնահերթություն է խաղալ այնպիսի ակումբի կազմում, որը պայքարում է Չեմպիոնների լիգան հաղթելու համար։
Բացի այդ նա գիտակցում է, որ «Բավարիայի» կազմում «Ոսկե գնդակի» դափնեկիր դառնալու հավանականությունն ավելի մեծ է։
Եթե Մուսիալան ինչ-որ պահի որոշի հեռանալ մյունխենյան ակումբից, ապա դա, հավանաբար, տեղի կունենա 2025 թ. ամռանը։
Գերմանացի ֆուտբոլիստի ծառայություններով, միանաշանկ, հետաքրքրված է երկու ակումբ` «Ռեալ Մադրիդն» ու «Մանչեսթեր Սիթին». «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտածում է Ջամալ Մուսիալայի և Ջուդ Բելինգհեմի վերամիավորման մասին, ովքեր ընկերներ են և մշտապես պահպանում են ջերմ հարաբերություններ։
«Բավարիայի» ղեկավարները գիտակցում են, որ պետք է բարելավեն Մուսիալայի աշխատավարձը, սակայն, այն արդեն կլինի երկնիշ թիվ, ինչի շնորհիվ «ռեկորդ մայսթերի» ու մյուս ակումբների միջև ֆինանսական տարբերությունն էականորեն կնվազի։ Պետք է արագ գործել` հաշվի առնելով, որ արդեն նրա ծառայություններով հետաքրքրված ակումբներ կան։
Բացի «Ռեալից» ու «Մանչեսթեր Սիթիից», Մուսիալային իր շարքերում է ցանկանում տեսնել նաև «Լիվերպուլը»։
«Կարմիրներն» ակնկալում են, որ Մոհամեդ Սալահը 2024 թ. հունիսին կհեռանա ակումբից, իսկ Մուսիալային դիտարկում են որպես նրա ամենահավանական փոխարինող։
Իհարկե, «Բավարիան» ցանկանում է, որ Մուսիալան ակումբում մնա երկար տարիներ, ոչ թե մինչև 2026 թվականը։ Ակումբը պատրաստ է անել հնարավոր ամեն բան` նրան իր շարքերում պահելու համար»,- ավելացրել է Պլետենբերգը։
Հավելենք, որ Ջամալ Մուսիալան, չնայած հանդես է գալիս Գերմանիայի հավաքականում, ազգությամբ անգլիացի է և խաղացել է «երեք առյուծների» տարբեր տարիքային ընտրանիների կազմում։
Ջուդ Բելինգհեմը և Ջամալ Մուսիալան միմյանց ճանաչում են Անգլիայի Մ-15, Մ-16 և Մ-17 տարեկանների հավաքականներում հանդես գալու շնորհիվ։
Բացի այդ, Մուսիալան 2011-19 թթ. եղել է «Չելսիի» մանկապատանեկան դպրոցի սան, որտեղից էլ 200 հազ. եվրոյի դիմաց տեղափոխվել է «Բավարիա»։
Երիտասարդ ֆուտբոլիստը մյունխենյան ակումբի հիմնական թիմում անցկացրել է 135 հանդիպում` դառնալով 33 գոլի և 26 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ballon d'Or, Բավարիա, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, Ոսկե-գնդակ, Չեմպիոնների-լիգա, Ջամալ Մուսիալա, Ջուդ Բելինգհեմ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆլորենտինո Պերես