Միլանն ամրապնդվում է առաջին հորիզոնականում🎥
Իտալական Ա սերիայի 6-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Միլանը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով ծանր հաղթանակ տարավ «Ուդինեզեի» նկատմամբ։
Խաղի հաշիվը 18-րդ րոպեին բացեց միլանյան ակումբի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն, ով շեշտակի հարվածով եզրափակեց Զլատան Իբրահիմովիչի փոխանցումը։
Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում՝ 48-րդ րոպեին, Ալեսիո Ռոմանյոլին սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց տանտերերի կիսապաշտպան Իգնասիո Պուզետոյի նկատմամբ։ Նշանակվեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց «Ուդինեզեի» ավագ Ռոդրիգո դե Պաուլը։
Երկրորդ խաղակեսը հիմնականում անցավ հավասար պայքարում և թվում էր, թե կողմերը կիսելու են միավորը, սակայն Զլատան Իբրահիմովիչը համաձայն չէր այդ փաստի հետ, ով էլ 83-րդ րոպեին «մկրատաձև» հարվածով դարձավ անչափ գեղեցիկ գոլի հեղինակ՝ պարգևելով հաղթանակ իր թիմի համար։
Միլանյան ակումբը բոլոր մրցաշարերի շրջանակում արդեն 24 հանդիպում է անպարտելի է։ «Ռոսոներիները» այս հաղթանակից հետո վաստակեցին 16 միավոր և ավելի ամրապնդվեցին առաջին հորիզոնականում՝ մոտակա հետապնդող «Ատալանտային» գերազանցելով 4 միավոր։ «Ուդինեզեն» 3 միավորով 18-րդն է։
# Ա-սերիա, Զլատան-Իբրահիմովիչ, Միլան, Ռոդրիգո դե Պաուլ, Ֆրանկ Կեսիե