Միլանը փայլուն խաղով վերադառնում է առաջին հորիզոնական 🎥
Իտալական Ա սերիայի 21-րդ տուրի շրջանակում «Միլանը» սեփական հարկի տակ ընդունեց ակնհայտ հետնապահ «Կրոտոնեին»։
Առաջին խաղակեսում, բավական անսպասելիորեն, հյուրերը լուրջ դիմադրություն ցույց տվեցին միլանյան ակումբին։ Հարկ է փաստել որ դեպի դարպասը կատարած հարվածների քանակով խաղադաշտում հավասարություն էր տիրում․ կողմերը փոխանակվեցին 6-ական հարվածներով։
Այնուամենայնիվ, իր դերակատարումն ունեցավ «ռոսոներիների» ֆուտբոլիստների բարձր կարգը։ Խաղի 30-րդ րոպեին Ռաֆաել Լեաուի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց Զլատան Իբրահիմովիչը՝ դարձնելով այն 1։0։
Կողմերն ընդմիջման գնացին տանտերերի՝ նվազագույն առավելության պայմաններում։
Երկրորդ խաղակեսում «Կրոտոնեյի» տղաներին չհաջողվեց լուրջ դիմադրություն ցույց տալ «Միլանին», ինչպես ստացվում էր առաջին կեսում։
Որպես ասվածի հետևանք՝ հյուրերը 6 րոպեի ընթացքում 3 անգամ ստիպված եղան գնդակը դուրս բերել սեփական դարպասից։ Նախ՝ 64-րդ րոպեին նույն Իբրահիմովիչն արդեն դուբլ գրանցեց իր անվան դիմաց՝ դարձնելով հաշիվը 2։0, ապա՝ 69-րդ և 70-րդ րոպեներին միլանյան ակումբի խորվաթ հարձակվող Անտե Ռեբիչը նույնպես դուբլով աչքի ընկավ՝ ետ չմնալով իր խաղընկեր Զլատան Իբրահիմովիչից։
Այս գոլերից հետո «Միլանն» աստիճանաբար հանդարտեցրեց խաղը և հանգեցրեց այն տրամաբանական ավարտին՝ հաղթելով 4։0 հաշվով։
Այս հաղթանակից հետո Ստեֆանո Պիոլիի սաները Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում վաստակած միավորները հասցրին 49-ի, և շրջանցելով միլանյան մյուս ակումբ «Ինտերին», վերադարձան մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։ «Ինտերի» ունի 47 միավոր։
Կրոտոնեն մնաց վերջին հորիզոնականում․ ակումբը 21 հանդիպումներից հետո իր ակտիվում ունի ընդամենը 12 միավոր։
# Ա Սերիա, Անտե Ռեբիչ, Զլատան-Իբրահիմովիչ, Կրոտոնե, Միլան, Ռաֆայել Լեաու, Ստեֆանո Պիոլի