Միլանը կրկին միավորներ կորցրեց` չկարողանալով կոտրել Ուդինեզեի դիմադրությունը🎥
Իտալական Ա սերիայի շրջանակում մեկնարկեց 27-րդ տուրը, որի առաջին խաղում ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Միլանը» մրցեց «Ուդինեզեի» դեմ։
Հանդիպման մեկնարկը հիմնականում անցավ «ռոսոներիների» առավելությամբ, ովքեր էլ 29-րդ րոպեին Ռաֆայել Լեաուի ջանքերով բացեցին հաշիվը։
Նշենք, որ պորտուգալացի հարձակվողն Ա սերիայի շրջանակում խփեց իր 8-րդ գոլն ու Զլատան Իբրահիմովիչի հետ «Միլանի» լավագույն ռմբարկուն է։
Խփված գոլից հետո դաշտում, մեծ հաշվով, լուրջ իրադարձություններ տեղի չունեցան, իսկ կողմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսում լրիվ այլ պատկեր էր «Սան Սիրո» մարզադաշտում. ավելի դինամիկ և գրավիչ ֆուտբոլի ականատես եղանք։
Որքան էլ զարմանալի է` երկրորդ կեսը մեկնարկել և ընթանում էր «Ուդինեզեի» ֆուտբոլիստների թելադրանքով, ինչն էլ տվեց իր արդյունքը, քանի որ 67-րդ րոպեին Դաստին Ուդոգիեն խփեց հյուրերի պատասխան գնդակը։
Բաց թողած գոլից հետո Ստեֆանո Պիոլիի թիմն անմիջապես տիրեց նախաձեռնությանը, սակայն բանը չէր հասնում իրական գոլային պահերին։
Դեռ ավելին` հյուրերն ավելի մոտ էին հաղթանակ կորզելուն. 90+3-րդ րոպեին աչքի ընկնելու հիանալի հնարավորություն ուներ Ժերար Դելոֆեուն, սակայն նրա հարվածից հետո «Միլանին» մեծ դժվարությամբ փրկեց դարպասապահ Մայք Մանյանը։
Ամեն դեպքում, հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։
Այսլիսով, «Միլանը» երկրորդ տուրն անընդմեջ կորցնում է թանկարժեք միավորներ։ Նախորդ տուրում էլ «կարմրասևերը» չկարողացան կոտրել հետնապահ «Սալերնիտանայի» դիմադրությունը (2:2)։
Այս ոչ-ոքիից հետո «ռոսոներիները» վաստակեցին 57 միավոր և շարունակում են գլխավորել Ա սերիայի մրցաշարային աղյուսակը, սակայն մոտակա հետապնդող «Ինտերը» (54 միավոր), առաջատարի համեմատ, երկու հանդիպում պակաս է անցկացրել։
«Ուդինեզեն», 26 միավորով, 14-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Դաստին Ուդոգիե, Ինտեր, Միլան, Ուդինեզե, Ռաֆայել Լեաու, Ստեֆանո Պիոլի