Միլանը դիմացավ, սակայն դա բավարար չէր?
Ավելի քան երեք ամիս անց վերադարձավ նաև իտալական ֆուտբոլը։ Նախքան Ա սերիայի վերսկսումը կիմանանք Իտալիայի գավաթակրին։ Հունիսի 12-ին և13-ին նախատեսված են կիսաեզրափակիչ հանդիպումները, իսկ 17-ին՝ եզրափակիչ։
Հունիսի 12-ին կայացավ «Յուվենտուս» – «Միլան» դիմակայության պատասխան խաղը, որի առաջին հանդիպումը փետրվարին ավարտվել էր 1։1 հաշվով։
Հանդիպման հենց մեկնարկից թուրինյան ակումբը նետվեց առաջ, որպեսզի միանգամից լուծի եզրափակչի ուղեգրի հարցը։
Արդեն երկրորդ րոպեին հաշիվը բացելու հիանալի հնարավորություն ուներ Դուգլաս Կոստան, սակայն բրազիլացի վինգերի 12-13 մետր հեռավորությունից կատարած հարվածն ընթացավ մի փոքր շեղությամբ։
Խաղի 13-րդ րոպեին տանտերերը վաստակեցին 11 մետրանոց հարվածի իրավունք։ «Յուվենտուսի» իրացրած անկյունային հարվածից հետո, «Միլանի» պաշտպան Անդրեա Կոնտին պատահաբար ձեռքով էր խաղացել սեփական տուգանային հրապարակում։ Հանդիպման մրցավար Դանիելե Օրոսատոն միանգամից ցույց չտվեց նշակետը․ նա գնաց նայեց տեսակրկնապատկերը, ինչից հետո նոր վստահաբար ցույց տվեց սպիտակ կետը։ Գնդակին մոտեցավ Կրիշտիանու Ռոնալդուն, ում հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց ձախ դարպասաձողին։ Տպավորություն էր, թե այդ դրվագում «ռոսոներիների» դարպասապահ Ջիանլուիջի Դոնարուման մատների ծայրով մի փոքր շեղեց գնդակի ուղղությունը։
Այդ դրվագից ընդամենը վայրկյաններ անց, երբ «Միլանի» ֆուտբոլիստները հեռացրին գնդակը, գնդակի համար պայքարում հյուրերի հարձակվող Անտե Ռեբիչը չգիտես ինչու որոշեց ոտքով հարվածել «ծեր սենյորայի» պաշտպան Դանիլոյի կրծքավանդակին, ինչից հետո անմիջապես հեռացվեց խաղադաշտից։
Հանդիպման բուռն մեկնարկից հետո խաղը հանդարտվեց, սակայն այն ընթանում էր «Յուվենտուսի» առավելությամբ, սակայն թուրինյան ակումբի գրոհներն այլևս իրենցից իրական վտանգ չէին պարունակում, իսկ «Միլանը», մնալով առանց կետնորանական հարձակվող, ընդհանրապես որևէ վտանգավոր գրոհ չկարողացավ իրականացնել ողջ հանդիպման ընթացքում։ Խաղի հաշիվն այդպես չբացվեց՝ գրանցվելով 0։0 արդյունքը։
Այսպիսով, «Յուվենտուսը» դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակիչ և հունիսի 17-ին կմրցի «Նապոլի» – «Ինտեր» զույգի հաղթողի հետ։ Այդ զույգի դիմակայության առաջին խաղում նեապոլիտանական ակումբը հաղթել է 1։0 հաշվով։
# Անտե Ռեբիչ, Ինտեր, Իտալիայի-Գավաթ, Կրիշտիանու-Ռոնալդու, Միլան, Յուվենտուս, Նապոլի