Միլանը բանակցում է Դոնարումայի նոր պայմանագրի շուրջ․ կան տարաձայնություններ
«Միլանը» մի շարք ծանր բանակցություններից հետո պատրաստակամություն է հայտնել թիմի հիմնական դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային նոր պայմանագիր առաջարկել` տարեկան 7 մլն եվրո աշխատավարձով։ Այս պահին 21-ամյա խաղացողը ստանում է 6 մլն եվրո։
Ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան կարծում է, որ Ջիջին ավելիին է արժանի և, որպես փաստարկ, նշում է, որ այս պահին «Ինտերն» ու «Յուվենտուսը» պատրաստ են ավելի շահավետ առաջարկ անել։
Corriere della Serra-ի հաղորդմամբ` «Միլանը» ցանկանում է հնարավորինս շուտ նոր պայմանագիր կնքել թիմի դարպասապահի հետ։ Բանն այն է, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտն է։ Սա նշանակում է, որ Դոնարուման հունվար ամսից արդեն կարող է ինքնուրույն բանակցություններ վարել այլ ակումբների հետ առանց «Միլանին» տեղյակ պահելու։
Ինքը՝ Դոնարուման, բազմից նշել է, որ երջանիկ է «Միլանում» և ցանկանում է մնալ ակումբում։
Տեղեկացնենք, որ այս պահին Ջանլուիջի Դոնարուման համարվում է իտալացի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը․ նրա տրանսֆերային արժեքը 60 մլն եվրո է։ Դա դարպասապահների շրջանում 5-րդ արդյունքն է։
Հիշեցնենք, որ դարպասապահը «Միլանի» կազմում իր նորամուտը նշել է 2015 թվականի հոկտեմբերի 25-ին «Սասուոլոյի» դեմ խաղում։ Այդ պահից սկսած՝ նա միլանի գույներով անց է կացրել 223 հանդիպում, որից 78-ում անառիկ է պահել դարպասը։
# Corriere della Serra, Ինտեր, Միլան, Մինո Ռայոլա, Յուվենտուս, Ջանլուիջի Դոնարումա