ՕԽ. Մեքսիկան գերգոլառատ խաղում հաղթեց Հվ. Կորեային🎥
Տոկիո-2020-ի ֆուտբոլային մրցաշարում ավարտվեցին 1/4 եզրափակիչները։
Մրցաշարի այդ փուլի վերջին հանդիպման շրջանակում Մեքսիկայի օլիմպիական հավաքականը մրցեց Հարավային Կորեայի ընտրանու դեմ։
Հանդիպման մեկնարկում կողմերը բավական արագ փոխանակվեցին խփած մեկական գնդակով։
Նախ 12-րդ րոպեին Մեքսիկային առաջ մղեց Հենրի Մարտինը, ապա Դոն Գյոն Լին 20-րդ րոպեին գերազանց հարվածով խփեց պատասխան գնդակը։
Նախքան ընդմիջման գնալն «ացտեկները» ևս երկու անգամ գրավեցին հարավկորեացիների դարպասը, իսկ հաշիվը դարձավ 3:1. 30-րդ ու 39-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Լուիս Ռոմոն և Սեբաստիան Կորդովան։
Կողմերն ընդմիջման գնացին մեքսիկների` երկու գնդակի առավելությամբ։
Երկրորդ կեսում կողմերն իսկական գոլային հրավառություն էին կազմակերպել։
51-րդ րոպեին Դոն Գյոն Լին հերթական գեղեցիկ գոլը խփեց, դարձավ դուբլի հեղինակ` կրճատելով նաև հաշիվը` 2:3։
Սակայն, ընդամենը 3 րոպե անց` 54-րդ րոպեին, իր դուբլով պատասխանեց Հենրի Մարտինը և վերակակգնեց Մեքսիկայի հավաքականի երկու գնդակի առավելությունը։
Հյուսիսամերիկացիների առավելությունը 64-րդ րոպեին էլ ավելի մեծարեց Սեբաստիան Կորդովան, ով նույնպես այս խաղուն դարձավ դուբլի հեղինակ։
Հավելենք, որ 24-ամյա կիսապաշտպանի երկրորդ գոլը պարզապես ֆանտաստիկ է ստացվել։
84-րդ րոպեին լուսատախտակին 6:2 հաշիվը վառեց Էստեբան Ագիրեն։
Այս հանդիպման գոլային հրավառությանը 90+1-րդ րոպեին վերջակետ դրեց հարավկորեացիների հարձակվող Վի Չո Հվանը։
Այսպիսով, Մեքսիկայի օլիմպիական հավաքականը գերգոլառատ խաղում 6:3 հաշվով հաղթեց Հարավային Կորեայի ընտրանուն և նվաճեց Տոկիո-2020-ի կիսաեզրափակչի ուղեգիր, որի շրջանակում օգոստոսի 3-ին կմրցի Բրազիլիայի ընտրանու դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էստեբան Ագիրե, Լուիս Ռոմո, Հարավային Կորեայի օլիմպիական հավաքական, Հենրի Մարտին, Մեքսիկայի օլիմպիական հավաքական, Սեբաստիան Կորդովա, Տոկիո-2020, Օլիմպիական_խաղեր