Մեսսին Նեյմարին առաջարկում է միասին տեղափոխվել Սիթի
Լեո Մեսսին և Նեյմարը, հնանավոր է, կրկին դառնան թիմակիցներ։
Արգենտինացի ֆուտբոլիստը մտադիր է հեռանալ «Բարսելոնայից» և ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», որտեղ ցանկանում է տանել նաև իր նախկին խաղընկերոջը։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ի լրագրող Ժորժե Նիկոլան, Մեսսին հեռախոսազրույց է ունեցել Նեյմարի հետ՝ առաջարկելով միասին համալրել «քաղաքաբնակների» շարքերը։
Վերջին շրջանում Լեո Մեսսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու լուրերը բազմապատկվել են։ Ֆուտբոլիստը օրեր առաջ բյուրոֆաքսի միջոցով դիմել է ակումբին և հեռանալու ցանկություն հայտնել, ինչից հետո բազմաթիվ ակումբներ ակտիվացել են՝ փորձելով պայմանագիր կնքել նրա հետ։ Խոսակցություններ կան, որ Մեսսին վերջերս հեռախոսազրույց է ունեցել «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ և նշել, որ ցանկանում է կրկին աշխատել նրա հետ։
Հիշեցնենք, որ Լեո Մեսսին և Նեյմարը 2013-2017 թվականներին միասին հանդես են եկել «Բարսելոնայի» կազմում՝ միասին հաղթելով 8 տիտղոս, այդ թվում նաև՝ Չեմպիոնների լիգայի գավաթը։ Նեյմարը 2017 թվականին 222 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց ՊՍԺ։
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Մանչեսթեր-Սիթի, Նեյմար, ՊՍԺ, տրանսֆերներ