Մեսսին միանագամից երկու պատմական նվաճման հասավ
Ավարտվեց իսպանական Լա լիգայի 2019/20 մրցաշրջանը։ Առաջնության վերջին՝ 38-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 0։5 հաշվով ջախջախեց «Ալավեսին»։
Այդ խաղում երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ է դարձել Լեո Մեսսին, ով այդ գոլերի և գոլային փոխանցման շնորհիվ երկու պատմական ցուցանիշ գերազանցեց։
Նախ 33-ամյա արգենտինացին այդ դուբլի շնորհիվ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում իր գոլերի քանակը հասցրեց 25-ի և հերթական անգամ նվաճեց լավագույն ռմբարկուի տիտղոսը։ Արգենտինացին այդ տիտղոսը նվաճում է արդեն 7-րդ անգամ, ինչը Լա լիգայի պատմության մեջ նոր ռեկորդ է։ Մեսսին այդ մրցանակին արժանացել է 2010, 2012, 2013, 2017 2018, 2019 և արդեն 2020 թվականներին։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Բիլբաոյի «Ատլետիկի» լեգենդար ֆուտբոլիստ Տելմո Սարային, ով մրցանակը հաղթել էր 6 անգամ (1945, 1946, 1947, 1950, 1951, 1953 թվականներ):
Բացի դրանից, Լեո Մեսսին «Ալավեսի» դեմ խաղում գոլային փոխանցում կատարեց Անսումանե Ֆաթիին։ Ընթացիկ մրցաշրջանում դա արգենտինացի ֆուտբոլիստի 21-րդ գոլային փոխանցումն էր։ Այդ արդյունքի շնորհիվ «Լուն» դարձավ Լա լիգայի՝ մեկ մրցաշրջանի ընթացքում ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստը՝ գերազանցելով իր նախկին թիմակցի՝ Խավիի՝ 2008/09 մրցաշրջանի գրանցած ցուցանիշը։ Այդ մրցաշրջանում իսպանացի կիսապաշտպանը կատարել էր 20 արդյունավետ փոխանցում։
# Ալավես, Անսումանե-Ֆաթի, Ատլետիկ Բիլբաո, Բարսելոնա, Լա-լիգա, Լեո Մեսսի, Խավի, Տելմո Սարա