Մեսսին, հնարավոր է, տեղափոխվի այլ ակումբ և վարձավճարով խաղա Բարսելոնայում
ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսիի ապագան շարունակում է մնալ անորոշ։
Արգենտինացի ֆուտբոլիստի և փարիզյան ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, որն, ամենայն հավանականությամբ, չի երկարաձգվելու։
Ինչպես տեղեկացնում է GFFN-ը, «Բարսելոնան» և ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» հետ համատեղ աշխատում է 35-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու շուրջ։
Աղբյուրի փոխանցմամբ` Մեսսիի համար դեռևս գործում է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալից» ստացած աստղաբաշխական առաջարկը, սակայն արգենտինացի հարձակվողի հիմնական նպատակը «Բարսելոնա» վերադառնալն է։
Բացի դրանից, Մեսսին չի ցանկանում մի քանի տարով ընտանիքին տեղափոխել Սաուդյան Արաբիա և մտադիր է շարունակել բնակվել Եվրոպայում։
Ստեղծված իրավիճակում «Բարսելոնան» փորձում է Մեսսիի հետ պայմանագիր կնքելու ելքեր փնտրել, սակայն նույնիսկ Սերխիո Բուսկետսի և Ժորդի Ալբայի հեռանալը չի լուծում «բլաուգրանայի» ֆինանսական խնդիրները։
Այդուհանդերձ, «կապտանռնագույններն» ու «Ինտեր Մայամին» խելամիտ լուծում են գտել Մեսսիի համար։
Եթե իրադարձությունները զարգանան այնպես, ինչպես ծրագրել են կողմերն, ապա «Ինտեր Մայամին» պետք է պայմանագիր կնքի Մեսսիի հետ և 6-18 ամսով նրան վարձավճարով տրամադրի «Բարսելոնային»։
Այդ դեպքում «բլաուգրանան» ստիպված չի լինի ենթարկվել Լա լիգայի ֆինանսական որոշ կանոնների և կկարողանա արգենտինացի ֆուտբոլիստին գրանցել հայտացուցակում։
Հատկանշական է, որ այս տարբերակը քննարկվել է դեռևս նախորդ ամռանը, սակայն կողմերը հրաժարվեցին դրանից, իսկ այժմ այն ավելի հավանական է, քանի որ նախ Մեսսիի ու ՊՍժ-ի միջև գործող պայմանագիրն ավարտվում է, երկրորդ` արգենտինացի ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»։
Վերջում ավելացնենք, որ Լեո Մեսսին 2022/23 մրցաշրջանում, Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած հանդիպումները ներառյալ, դաշտ է դուրս եկել 52 անգամ` դառնալով 37 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ինտեր-Մայամի, Լա-լիգա, Լեո Մեսսի, ՊՍԺ, տրանսֆերներ