Մեսսին, հնարավոր է, ևս մեկ բյուրոֆաքս ուղարկի ակումբին
«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին հստակ որոշել է, որ պետք է հեռանա ակումբից։ Նա երկու օր առաջ բյուրոֆաքսի միջոցով նամակ էր ուղարկել ակումբին՝ հայտնելով իր ցանկության մասին։ Արգենտինացի ֆուտբոլիստը կարող է օգտվել իր պայմանագրի այն կետից, որը հնարավորություն է տալիս նրան խզել պայմանագիրը և հեռանալ ակումբից։
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, արգենտինացին ևս մեկ բյուրոֆաքս կուղարկի, եթե ակումբի ղեկավարությունը համառություն ցուցաբերի խաղացողին պահպանելու հարցում և հրաժարվի նրան բաց թողնել անվճար։
Հաղորդվում է, որ Լեո Մեսսիի որոշումը վերջնական է և նա միանշանակ փոխելու է ակումբային գրանցումը, սակայն, օգոստոսի 26-ին, տեղեկատվություն ստացվեց, որ «Լուն» կմնա «Բարսելոնայում», եթե հրաժարական տա ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն։
Հայտնի է, որ Մեսսիի հետ պայմանագիր կնքելու հարցում ֆավորիտ են համարվում ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Յունայթեդը», իսկ Մեսսին իր հերթին ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» և աշխատել Պեպ Գվարդիոլայի հետ, ում հետ արդեն բավականին հաջող աշխատել են «Բարսելոնայի» կազմում։ Գվարդիոլան կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ է եղել 2008-2012 թվականներին՝ նվաճելով 14 տիտղոս։
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Խոսեպ Մարիա Բարտոմեու, տրանսֆերներ