Մեսսին՝ Գվարդիոլային․ «Փողը խնդիր չէ․ ես ցանկանում եմ հանդես գալ Սիթիում»
«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին ցանկանում է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Արգետնինացի ֆուտբոլիստը օրեր առաջ բյուրոֆաքսի միջոցով դիմել է կատալոնական ակումբի ղեկավարությանը՝ ցանկություն հայտնելով հեռանալ ակումբից։ Մեսսին կարող է օգտվել իր պայմանագրի այն կետից, որը հնարավորություն է տալիս խզել պայմանագիրը և հեռանալ ակումբից։ Տեղեկատվություն տարածվեց նաև, որ 33-ամյա ֆուտբոլիստը հեռախոսազրույց է ունեցել «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ և նշել, որ ցանկանում է տեղափոխվել «քաղաքաբնակների» շարքերը։
Ամենայն հավանականությամբ՝ Մեսսին կրկին ցանկանում է աշխատել իսպանացի մասնագետի հետ, ում հետ բավականին հաջող աշխատանքի փորձ արդեն ունի։
Ինչպես տեղեկացնում է լրագրողուհի Վերոնիկա Բրունատին, այդ հեռախոսազրույցի ժամանակ Մեսսին ասել է հետևյալը․
«Փողը խնդիր չէ․ ես ցանկանում եմ տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։
Հաղորդվում է, որ Մեսսին ցանկանում է, որ իր ակումբը լինի մրցունակ և ի զորու լինի պայքարել տիտղոսների համար, սակայն նա այդ ամենը չի տեսնում «Բարսելոնայի» ծրագրերում։
Բրունատին հավելում է, որ անգլիական ակումբը Մեսսին 1+2 սխեմայով պայմանագիր է առաջարկում։ Այսինքն, նախնական կնքվելու է 1 տարվա պայմանագիրը՝ ևս 2 տարով երկարաձգելու հնարավորությամբ։ «Մանչեսթեր Սիթին» վստահ է, որ ձեռք կբերի խաղացողին, իսկ նրա դիմաց պատրաստ է վճարել 100 մլն եվրո + երեք ֆուտբոլիստ։ Ըստ Diaro As-ի՝ այդ ֆուտբոլիստները Գաբի Ժեզուսը, Բերնարդու Սիլվան և Էրիկ Գարսիան են։
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Վերոնիկա Բրունատի, տրանսֆերներ