Մեսսիի հերթական պերֆորմանսը. Արգենտինան դուրս եկավ Կոպայի կիսաեզրափակիչ🎥
Կոպա Ամերիկայի շրջանակում կայացան մյուս երկու 1/4 եզրափակչի հանդիպումները։
Խաղային օրը բացեցին Ուրուգվայի ու Կոլումբիայի հավաքականները։
Ողջ հանդիպման ընթացքում հիմնականում հավասար պայքար է ծավալվել, ինչի արդյունքում հիմնական ժամանակում այդպես էլ որևէ գոլ չի գրանցվել, իսկ կողմերը հաղթողին պարզելու համար իրացրել են 11-մետրանոց հարվածներ։
Վճռորոշ է դարձել Կոլումբիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Օսպինայի փայլուն խաղը, ով հետ է մղել ուրուգվայցիների երկու հարված։ Մասնավորապես նշակետից վրիպել են Խոսե Մարիա Խիմենեսն ու Մաթիաս Վինան։
Կոլումբացիներն էլ իրենց բոլոր հարվածներն ավարտել են գոլով ու հաղթել ընդհանուր 4:2 հաշվով` նվաճելով Կոպա Ամերիկայի կիսաեզրափակչի ուղեգիր։
Քառորդ եզրափակչի վերջին խաղում էլ միմյանց դեմ մրցեցին Արգենտինայի ու Էկվադորի հավաքականները։
Հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց Լեո Մեսսին, ով այս անգամ դարձավ երկու գոլային փոխանցման և մեկ գոլի հեղինակ։
«Ալբիսելեստեի» ավագը նախ օգնեց աչքի ընկնել Ռոդրիգո Դե Պաուլին և Լաուտարո Մարտինեսին, ապա ինքը 90+3-րդ րոպեին, վարպետորեն իրացնելով տուգանային հարվածը, դրեց այս հանդիպման վերջակետը։
Մեսսին ընթացիկ Կոպայում անցկացրած 5 խաղում դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Այսպիսով, Արգենտինայի հավաքականը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ և Կոպա Ամերիկայի եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Կոլումբիայի ընտրանու հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10
# Արգենտինայի հավաքական, Դավիդ Օսպինա, Էկվադորի հավաքական, Լաուտարո Մարտինես, Լեո Մեսսի, Խոսե Մարիա Խիմենես, Կոլումբիայի հավաքական, Կոպա Ամերիկա, Կոպա Ամերիկա-2020, Մաթիաս Վինե, Ուրուգվայի հավաքական, Ռոդրիգո դե Պաուլ