Մարոկկոոոո՜ո!!! Ռեգրագիի թիմը հաղթեց Պորտուգալիային` դուրս գալով ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչ
ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչի շրջանակում Մարոկկոյի հավաքականը Դոհայի «Ալ Թամումա» մարզադաշտում մրցեց Պորտուգալիայի ընտրանու դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ, միգուցե, գրանցվեց ընթացիկ մունդիալի ամենախոշոր անակնկալը, քանի որ Մարոկկոյի հավաքականը համառ պայքարում հաղթեց 1:0 հաշվով։
Վալիդ Ռեգրագիի թիմին հաղթանակ պարգևեց 43-րդ րոպեին Յուսեֆ Էն-Նեսիրիի խփած միակ գոլը։
Նշենք, որ հանդիպման ընթացքում պորտուգալացիներն ունեին խաղային ու տարածքային մեծ առավելություն, սակայն Ֆերնանդու Սանթուշի թիմը ոչ մի կերպ չկարողացավ խուսափել պարտությունից, իսկ մարոկկացիներին որոշ դրվագներում փրկեց դարպասապահ Յասին Բունուն։
Այսպիսով, Մարոկկոյի հավաքականը դուրս եկավ ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչ, որի շրջանակում կմրցի Անգլիա – Ֆրանսիա դիմակայության հաղթողի դեմ։
Հավելենք, որ Մարոկկոն դարձավ աշխարհի առաջնությունների պատմության առաջին աֆրիկյան հավաքականը, որը դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Մարոկկոյի հավաքական, Մունդիալ-2022, Յասին Բունու, Յուսեֆ Էն-Նեսիրի, Պորտուգալիայի հավաքական, Վալիդ Ռեգրագուի, Քաթար-2022