Մարադոնան ընդդեմ թմրանյութի, Պլատինին՝ կոռուպցիայի․ սյուրռեալի՞զմ, թե՞ իրականություն

Մարադոնան ընդդեմ թմրանյութի, Պլատինին՝ կոռուպցիայի․ սյուրռեալի՞զմ, թե՞ իրականություն

03/09/2020 - 22:10

Համացանցում մի լուսանկար է տարածված, որի պատմության մասին քչերը գիտեն։ Այդ լուսանկարում երեք ֆուտբոլային լեգենդներ՝ Դիեգո Արմանդո Մարադոնան, Պելեն և Միշել Պլատինին միասին կանգնած են, սակայն այդ լուսանկարի «հեգնանքն» այն է, որ արգենտինացի և ֆրանսիացի ֆուտբոլիստի մարզաշապիկների վրա գրված էր «ոչ թմրանյութին»։

Այս լուսանկարն արվել է 1988 թվականին Միշել Պլատինիի հրաժեշտի խաղից առաջ։ Այդ օրը միմյանց դեմ էին մրցում Ֆրանսիայի և Աշխարհի հավաքականները։ Միշել Պլատինին Նանսիում հավաքել էր այդ ժամանակվա բոլոր աստղային ֆուտբոլիստներին։

Մարդաոնայի մարզաշապիկի վրա գրված է եղել «No drugs», ինչը անգլերենից թարգմանաբար նշանակում է «ոչ թմրանյութին»։ Այդ ամենն առաջին հայացքից անչափ խորհրդանշական կթվար, եթե մարդիկ իմանային, թե արգենտինական ֆուտբոլի լեգենդին ապագայում ինչ է սպասվելու։ Ի դեպ, հավանական է, որ Դիեգոն այդ ժամանակ արդեն թմրանյութեր օգտագործում էր։ Խոսակցություններ կային, որ նա թմրանյութեր սկսել է օգտագործել կա՛մ «Բարսելոնայում» հանդես գալու տարիներից (1982-84 թթ․) կա՛մ էլ «Նապոլի» տեղափոխվելուց հետո։ Նա 84-ին 8 մլն եվրոյի դիմաց հահամալրեց նեապոլիտանական ակումբի շարքերը։ Սակայն, Մարադոնան պաշտոնապես թմրանյութերի հողի վրա բռնվել է միայն 1991 թվականին։

Հաճախ գրում են, որ Միշել Պլատինիի խաղաշապիկին եղել է «ոչ կոռուպցիային» գրությունը, սակայն այնտեղ որևէ բան գրված չի եղել կոռուպցիայի մասին։ Պլատինիի խաղաշապիկին ֆրանսերենով գրված է եղել «Dragues No!», ինչը թարգմանաբար նույնպես նշանակում է «ոչ թմրանյութին»։

Ի՞նչից էր այդ ամենը սկսվել

Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, 1980-ականներին Ֆրանսիայի քաղաքներում սկսել էր իշխել թմրանյութը։ Այն հասանելի էր ոչ միայն միջին խավին, այլև նույնիսկ երեխաներին։ Սակայն, դրա հետ մեկտեղ երկրի կառավարությունը երբեք չի հրապարակել այն թվերը, թե որքան մարդ է մահացել թմրանյութերի թունավորման արդյունքում, բայց ֆուտբոլային աստղերը գիտեին այդ խնդրի մասին, այդ պատճառով էլ մասնակցել են այդ հակաթմրանյությաին ակցիային։

Այդ հանդիպման ողջ հասույթն ուղղվեց Միշել Պլատինիի հիմնադրամին, որն օգնում էր թմրանյութերից կախվածություն ունեցող մարդկանց վերդառնալ բնականոն կյանք, իսկ երիտասարդներին բացատրում էր, որ թմրադեղերը դրանք չարիք են։ Հենց այդ պատճառով էլ հանդիպման գլխավոր հերոսները խաղադաշտ էին դուրս եկել մարզաշապիկներով, որոնց վրա գրված է եղել «ոչ թմրանյութին»։

Սակայն, հայտնի չէ, թե կոնկրետ քանի մարդու է օգնել և փրկել Միշել Պլատինիի հիմնադրամը։

Հանրահայտ մարզադաշտերի փոխարեն հարազատ մարզադաշտ

Միշել Պլատինիին իր հրաժեշտի հանդիպումն անցկացրեց ֆրանսիական Նանսի քաղաքում։ Շատերի մոտ հարց կարող է ծագել, թե ինչո՞ւ հենց Նանսի։ Պարզ պատճառով․ Միշել Պլատինին 7 տարի հանդես է եկել հենց «Նանսիում», որտեղից էլ 82 թվականին տեղափոխվել է «Սենտ-Էտիեն»։

Պլատինին միշտ նշել է, որ Նանսին իր քաղաքն է և դժվար էր պատկերացնել, որ Միշելն իր հրաժեշտի հանդիումը կանցկացնի մեկ այլ տեղ։ Այդ ժամանակ էլ ակումբին ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական աջակցություն էր անհրաժեշտ, քանի որ դուրս էր մնացել Լիգա 1-ից։

«Մարսել-Պիկո» մարզադաշտում ասեղ գցելու տեղ չկա։ Բոլոր 40 հազար տեղերը զբաղեցված էին։ Եվրոպայի տարբեր անկյուններից Նանսի էին ժամանել Միշել Պլատինիի երկրպագուները։ Նույնիսկ Նանսի էր եկել Քուվեյթի էմիրը։ Բացի դրանից, մոտ 10 հազար մարդ էլ քաղաքի կենտրոնում մեծ էկրանի առջև էին դիտում խաղը, իսկ դրան գումարվեց նաև ֆրանսիական հանրահայտ «Gipsy Kings» խմբի համերգը։

Միշել Պլատինին անցկացրեց միանգամից երեք հրաժեշտի հանդիպում։ Առաջին խաղում միմյանց դեմ մրցեցին Ֆրանսիայի հավաքականի լեգենդները և Միշել Պլատինիի ընկերները։ Հատկանշական է, որ «ընկերների» թիմում հանդես էր գալիս նաև «Արսենալի» լեգենդար մարզիչ Արսեն Վենգերը, ով 1984-87 թվականներին մարզել է հենց «Նանսին»։

Երկրորդ խաղում միմյանց դեմ պետք է մրցեին «Յուվենտուսը» և Լոթարինգիայի շրջանի լավագույն ֆուտբոլիստները։ Մեր լեզվով ասած՝ Նանսին համարվում է Լոթարինգիայի շրջանի մարզկենտրոնը։

«Յուվեի» ֆուտբոլիստները չէին կարողացել ժամանել Նանսի, իսկ նրանց փոխարեն արագ խաղին կանչել էին «Բորդոյին»։

Գլխավոր հանդիպումն էլ կայացավ Ֆրանսիայի 1984 թվականի հավաքականի (խմբ՝ այդ տարի«եռագույնները» նվաճել են Եվրոն) և աշխարհի հավաքականը՝ Դիեգո Մարադոնայի գլխավորությամբ։ Խաղին մասնակցել են այդ դարաշրջանի լավագույն ֆուտբոլիստները, իսկ խաղը բացել է Պելեն՝ կատարելով առաջին խորհրդանշական հարվածը։

Նանսին երբեք այդքան աստղեր չէր տեսել. Լոթար Մաթեուս, Ռաբահ Մադջեր, Զիկո, Էնցո Ֆրանչեսկոլի, Ռուդ Գուլիտ, Ռինատ Դասաև, Իգոր Բելանով և այլք։ Պլատինին կանչել էր նաև Յոհան Կրոյֆին, սակայն նա նույնպես չէր կարողացել ժամանել, իսկ Ֆրանսիայի հավաքականի կազմում հանդես եկան Ժան Տիգանան, Ժան-Պիեր Պապենը, Ալեն Ժիրեսը և այլ լեգենդար ֆուտբոլիստներ։

Առաջին խաղակեսում Աշխարհի հավաքականի կազմում դարպասապահի դիրքում հանդես էր գալիս բելգիացի լեգենդար դարպասապահ Ժան-Մարի Պֆաֆը, ով երկրպագուներին զվարճացնելու համար դաշտ էր դուրս եկել գերխոշոր ձեռնոցներով։

Ռինատ Դասաևը նույնպես զերծ չմնաց զավեշտալի դրվագից։ Երկրորդ խաղակեսում դարպասում նա տեղ էր զբաղեցրել Պֆաֆի փոխարեն։ Խաղավարտին մոտ Միշել Պլատինիին փոխարինեց նրա 9-ամյա որդի Լորանը, ով կրում էր իր հայրիկի հսկայական խաղաշապիկը։ Տղային թույլ տվեցին Դասաևի դեմ մեն-մենակ մնա, սակայն ռուս դարպասապահը չթողեց փոքրիկին գրավել իր դարպասը։

Այդ պատմական խաղն ավարտվել է 2։2 հաշվով։ Առաջին խաղակեսում իր գոլը խփեց Դիեգո Մարադոնոն, երկրորդ կեսում Ֆրանսիայի հավաքականին առաջ մղեց հենց Միշել Պլատինին՝ դառնալով դուբլի հեղինակ, սակայն խաղավարտին մոտ Էնչցո Ֆրանչեսկոլին հավասարեցրեց հաշիվը։

Հայտնի է, որ Էնցո Ֆրանչեսկոլիի խաղով մշտապես հիացել է Զինեդին Զիդանը, ով իր տղաներից մեկին կոչել է հենց Էնցո։

2011 թվական և կրկին «Մարսել-Պիկո»

Հրաժեշտի խաղից 23 տարի անց Միշել Պլատինին 2011 թվականին կրկին վերդադարձավ Նանսի՝ «Մարսել-Պիկո» մարզադաշտ։ Այդ ժամանակ կրկին ֆուտբոլային աստղեր էին հավաքվել, սակայն այդ ժամանակ խաղում էին ոչ թե Պլատինիի ընկերները, այլ Օլիվիե Ռույի։ Պլատինին և Ռույը միասին են սկսել իրենց ֆուտբոլային կարիերան՝ հանդես գալով «Նանսիի» կազմում։

Այդ ժամանակ էլ էին հանրահայտ ֆուտբոլիստներ ժամանել Նանսի․ Զինեդին Զիդան, Լորան Բլան, Քրիստիան Կարամբյո և այլք։

2007 թվականին Միշել Պլատինին ընտրվեց ՈՒԵՖԱ-ի նախագահ, ինչից հետո սկսվեց իրական «կինոն»։ 2015 թվականին համաշխարհային մակարդակի սկանդալ բարձրացավ, ինչը կապված էր կոռուպցիայի հետ։ Բանն այն է, որ Միշել Պլատինին և այն ժամանակվա ՖԻՖԱ-ի նախագահ Բլատերը վաճառել էին իրենց ձայնը, որպեսզի ուղեգիրը տրվի հենց Քաթարին։

Դրանից հետո Պլատինին 9 տարով զրկվեց ֆուտբոլային գործունեություն ծավալելուց, իսկ Բլատերին՝ 6։ Ճիշտ է՝ նախորդ տարի Պլատինիի որակազրկումը հանվեց, բայց, այնուամենայնիվ, նա մեղմ ասած, հեղինակազրկվել է հանրության առջև։

# , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023