Ման. Սիթին սայթաքեց` միավորներ կորցնելով Վեսթ Հեմի դեմ խաղում🎥

Ման. Սիթին սայթաքեց` միավորներ կորցնելով Վեսթ Հեմի դեմ խաղում🎥

15/05/2022 - 18:59

Անգլիական Պրեմիեր լիգայի նախավերջին` 37-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։

Առաջին խաղակեսում «քաղաքաբնակներն» ունեին խաղային ու տարածքային լուրջ առավելություն, սակայն ոչ մի կերպ չկարողացան գրավել տանտերերի դարպասը։

Դեռ ավելին` Դևիդ Մոյեսի սաները, ունենալով ընդամենը երկու իրական գոլային պահ, դրանք վերածեցին դարպասի գրավման. 24-րդ րոպեին ու 45-րդ րոպեներին աչքի ընկավ Ջարեդ Բոուենը` դառնալով դուբլի հեղինակ։

Կողմերն ընդմիջման գնացին 2:0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում` 49-րդ րոպեին, Ջեք Գրիլիշը մեկ գնդակ հետ բերեց «Սիթիի» համար։

Բաց թողած գոլից հետո «մրճահարները» շատ ավելի լավ տեսք ունեին և ունեին երկու գնդակի տարբերությունը վերականգնելու լավ հնարավորություններ, սակայն Բոուենն ու Մայքլ Անտոնիոն վրիպեցին նպաստավոր դիրքերից։

«Վեսթ Հեմի» չիրացված պահերից հետո գործեց ֆուտբոլի գլխավոր չգրված օրենքը. «Չես խփում դու, խփում են քեզ»…

69-րդ րոպեին մանկունյական ակումբի իրացրած տուգանայինից հետո «Վեսթ Հեմի» եզրային պաշտպան Վլադիմիր Ցոուֆալը գրավեց սեփական դարպասը։

Խաղավերջում Պեպ Գվարդիոլայի թիմը կարող էր նույնիսկ հաղթանակ կորզել, սակայն 86-րդ րոպեին Ռիյադ Մարեզը չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոցը. լոնդոնյան ակումբին փրկեց դարպասապահ Լուկաշ Ֆաբիանսկին։

Ամեն դեպքում, հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով, ինչից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 90 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։

«Վեսթ Հեմը», 56 միավորով, 7-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023