Ման. Յունայթեդն ու Չելսին համառ պայքարում չպարզեցին հաղթողին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի շրջանակում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։
Հանդիպման հենց մեկնարկից Թոմաս Տուխելի թիմը տիրեց նախաձեռնությանն ու նախքան ընդմիջման գնալը ստեղծեց մի շարք իրական գոլային պահեր, սակայն միայն առաջին խաղակեսում Դավիդ դե Խեան «Յունայթեդին» փրկեց 5 անգամ։
Ինչ վերաբերում է տանտերերին, ապա «կարմիր սատանաները» գործնականում ոչնչով աչքի չընկան։
Կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում։
Երկրորդ կեսի մեկնարկում էլ «ազնվականներն» ունեին խաղային ու տարածքային առավելություն և 60-րդ րոպեին, ամեն դեպքում, Մարկոս Ալոնսոյի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։
Այդուհանդերձ, լոնդոնյան ակումբի ուրախությունը շատ կարճ տևեց, քանի որ արդեն 62-րդ րոպեին Ռալֆ Ռանգնիկի թիմը հավասարեցրեց հաշիվը. Նեմանյա Մատիչի կատարած հիասքանչ փոխանցումից հետո աչքի ընկավ Կրիշտիանու Ռոնալդուն։
«Յունայթեդի» խփած գոլը, մեծ հաշվով, չփոխեց խաղի ընթացքը, որը շարունակեց ընթանալ հյուրերի առավելության պայմաններում։
Տուխելի թիմը 80-րդ րոպեին շատ մոտ էր հաշվի մեջ կրկին առաջ անցնելուն, սակայն Ռիս Ջեյմսի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Ինչպես պարզվեց հետագայում, Ռոնալդուի խփած գոլը վերջինն էր այս խաղում, որը, ի վերջո, ավարտվեց 1:1 հաշվով։
Այս ոչ-ոքիից հետո «Չելսին» վաստակեց 66 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
«Յունայթեդը», 55 միավորով, 6-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Թոմաս ՏՈւխել, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկոս ԱԼոնսո, Չելսի, Ռալֆ Ռանգնիկ, Ռիս Ջեյմս