Ման. Յունայթեդը Տեն Հագին փոխարինելու մի շարք տարբերակներ է դիտարկում
«Մանչեսթեր Յունայթեդը» երեք թեկնածու է առանձնացրել` գլխավոր մարզչի պաշտոնում Էրիկ Տեն Հագին փոխարինելու համար։
ESPN-ը գրում է, որ INEOS ընկերությունը, որը վերջերս ձեռք բերեց «կարմիր սատանաների» բաժնետոմսերի 25 տոկոսը, հոլանդացի մասնագետի ապագայի վերաբերյալ դեռևս որոշում չի կայացրել։
Ստեղծված իրավիճակում մանկունյական ակումբը գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է Ռոբերտո Դե Ձերբիի («Բրայթոն»), Գարեթ Սաութգեյթի (Անգլիայի հավաքական) և Թոմաս Ֆրանկի («Բրենթֆորդ») տարբերակները։
Նշվում է, որ Տեն Հագին փոխարինելու ամենահավանական թեկնածուն Սաութգեյթն է, քանի որ 53-ամյա մասնագետը չի կողմնորոշվել իր ապագայի հարցում և հավանական է` լքի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։
Միակ խնդիրն այն է, որ Սաութգեյթն ակումբային մակարդակով չի աշխատել 2009 թվականից, սակայն «Յունայթեդը» շեշտը դնելու է Դեն Էշվորթի հմտությունների վրա։ Վերջինս, ամենայն հավանականությամբ, շուտով նշանակվելու է մանկունյական ակումբի սպորտային տնօրեն և հիանալի հարաբերություններ ունի Սաութգեյթի հետ։
Ինչ վերաբերում է Էրիկ Տեն Հագին, 54-ամյա մասնագետը կխուսափի պաշտոնանկությունից, եթե կարողանա «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկին հաջող ավարտել մրցաշրջանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# INEOS, Գարեթ Սաութգեյթ, Էրիկ Տեն Հագ, Թոմաս Ֆրանկ, Մանչեսթեր Յունայթեդ, Ռոբերտո դե Ձերբի