Ման. Յունայթեդը մոտ է Ռեալի տրանսֆերային գլխավոր թիրախին փախցնելուն
«Մանչեսթեր Յունայթեդը» այսօր` հուլիսի 9-ին, անասպասելի խառնվել է «Լիլի» պաշտպան Լենի Յորոյի տրանսֆերը գնելու համար մղվող պայքարին։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «կարմիր սատանաները» 18-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար առաջարկել են 50 մլն եվրոյից ավելի գումար։
Աղբյուրի փոխանցմամբ` ֆրանսիական ակումբն ընդունել է մանկունյական ակումբի առաջարկը և այժմ վերջին խոսքը պետք է ասի անձամ Յորոն։
Հայտնի է, որ ֆրանսիացի պաշտպանը նախընտրում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»։ «Արքայական» ակումբը վաղուց հետաքրքրված է նրա ծառայություններով ու, ըստ Ռոմանոյի տեղեկությունների, իսպանական գրանդի ներկայացուցիչները հանգիստ են վերաբերվում ստեղծված իրավիճակին։
«Ռեալի» ղեկավարները վստահ են, որ կկարողանան հաջորդ ամռանը Յորոյի հետ պայմանագիր կնքել ազատ գործակալի կարգավիճակում։ Պատանի ֆուտբոլիստի ու «Լիլի» միջև պայմանագիրն ավարտվում է 2025 թ. հունիսի 30-ին։
Այդուհանդերձ, «Լիլը» ճնշում է գործադրում Յորոյի վրա, որպեսզի վերջինս համաձայնի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Ակումբը չի ցանկանում տաղանդավոր ֆուտբոլիստից բաժանվել անվճար։ Բացի այդ, անգլիական ակումբը Յորոյի տեղափոխության հարցում ամենախոշոր առաջարկն է արել։
Հավելենք, որ Լենի Յորոն համարվում է ֆրանսիական ֆուտբոլի ամենախոստումնալից ֆուտբոլիստներից մեկը։ Պաշտպանը «Լիլի» մանկապատանեկան դպրոցի սան է, որ հիմնական թիմում 60 խաղում խփել է 3 գոլ, կատարել մեկ արդյունավետ փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լենի Յորո, Լիլ, Մանչեսթեր Յունայթեդ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո