Սիթիի ֆանտաստիկ հաղթարշավը շարունակվում է 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի շրջանակում մրցաշարային աղյուսակի առաջատար «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունեց լավագույն քառյակը եզրափակող «Վեսթ Հեմին»։
Մրցող կողմերը հանդիպումը մեկնարկեցին հետախուզական պայքարում։ Առաջին գոլը գրանցվեց 30-րդ րոպեին։ «Քաղաքաբնակները» ստացան անկյունային հարվածի իրավունք, որի խաղարկումից հետո հաշիվը բացեց պորտւոգալացի պաշտպան Ռուբեն Դիաշը։
Ընդունած գնդակից հետո հյուրերն ակտիվացան՝ փորձելով հետ բերել կորցրածը և մինչև առաջին խաղակեսի ավարտն ազդարարող սուլիչի ձայնը՝ 43-րդ րոպեին, կարողացան հավասարեցնել հաշիվը։ Ջեսի Լինգարի փոխանցումից հետո գոլն իր անվան դիմաց է գրանցում «մրճահարների» հարձակվող Մայքլ Անտոնիոն։
Կողմերն ընդմիջման գնացին 1։1 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսը բավական ակտիվ մեկնարկեցին Պեպ Գվարդիոլայի սաները։ Հանդիպման 68-րդ րոպեին նրանք կրկին անկյունայինի իրավունք վաստակեցին, որի խաղարկումից հետո գոլի հեղինակ դարձավ «քաղաքաբնակների» մեկ այլ պաշտպան Ջոն Սթոունզը, ով եզրափակեց Ռիյադ Մարեզի փոխանցումը՝ կրկին առաջ մղելով իր թիմին՝ 2։1։
Հանդիպման մնացած ժամանակահատվածն անցավ փոխնիփոխ գրոհներով․ մի կողմից հյուրերը ցանկանում էին փրկել հանդիպումը՝ Մանչեսթերից հեռանալով 1 միավորով, մյուս կողմից Գվարդիոլայի սաները ցանկանում էին պահել հաղթական հաշիվը՝ հնարավորության դեպքում վտանգավոր հակագրոհելով։
Այնուամենայնիվ, Սթոունզի գոլը վերջինն էր այս խաղում և հաղթականը՝ «Սիթիի» համար։
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» իր միավորների քանակը հասցրեց 62-ի և այս պահի դրությամբ միանձնյա գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդողներ «Մանչեսթեր Յունայթեդին» և «Լեսթերին» գերազանցելով 13 միավոր։
Ի դեպ, «Սիթին» բոլոր մրցաշարերի շրջանակում տոնում է իր 20-րդ անընդմեջ հաղթանակը։
Դևիդ Մոյեսի սաները մնացին նախապես վաստակած 45 միավորներով և այս պահին շարունակում են եզրափակել մրցաշարային աղյուսակի լավագույն քառյակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դևիդ Մոյես, Կևին դե Բրոյնե, Մայքլ Անտոնիո, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Պրեմիեր-լիգա, Ջեյսի Լինգարդ, Ջոն Սթոունզ, Ռիյադ Մարեզ, Ռուբեն Դիաշ, Վեսթ Հեմ