Մանչեսթեր Սիթին հսկայական արագությամբ մոտենում է չեմպիոնությանը 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի շրջանակում առաջնության միանձնյա առաջատար «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում մրցեց «Ֆուլհեմի» դեմ։
Հանդիպումը համեմատաբար հավասար պայքարով մեկնարկեց, սակայն, ինչպես և ենթադրվում էր, «քաղաքաբնակներն» աստիճանաբար խաղի ղեկն իրենց ձեռքը վերցրին։
Մինչև առաջին կեսի ավարտ աչքի ընկնելու լավ հնարավորություններ ուներին Ֆերան Տորեսն ու Բերնարդու Սիլվան, սակայն երկու ֆուտբոլիստների հարվածից հետո իր թիմին վերահաս գոլից փրկեց տանտերերի դարպասապահ Ալֆոնսո Արեոլան։
Ունենալով տարածքային և խաղային շոշափելի առավելություն՝ Պեպ Գվարդիոլայի սաներին չհաջողվեց հաղթանակի նժարն իրենց կողմը թեքել, իսկ կողմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։
Ի տարբերություն առաջինի՝ երկրորդ կեսը չափազանց ակտիվ սկսեցին «Սիթիի» տղաները և 15 րոպե անց հաղթում էին արդեն 3 գնդակի առավելությամբ։
47-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո Ժոաո Կանսելուի փոխանցումը գոլով եզրափակեց Ջոն Սթոունզը։ 10 րոպե անց հաշիվն արդեն 0։2 էր։ «Ֆուլհեմի» պաշտպանների անփույթ խաղի հետևանքով գնդակը հայտնվեց հյուրերի հարձակվող Գաբրիել Ժեզուսի մոտ, ով դիպուկ հարվածով մեծացրեց իր թիմի առավելությունը։
Քիչ անց սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտեցին տանտերերը՝ 11-մետրանոց հարված նվիրելով մանկունյական ակումբին։ Նշակետին մոտեցավ Սերխիո Ագուերոն և հանդիպման 60-րդ րոպեին դիպուկ հարվածով հաշիվը դարձրեց արդեն խոշոր՝ 3։0։
Այս գոլից հետո հանդիպման տեմպը ընկավ, քանի որ հաղթողի հետ կապված բոլոր հարցերի պատասխաններն արդեն ակնհայտ էին։
Ստացվում է, որ երկրորդ խաղակեսում 15 րոպեի ընթացքում Պեպ Գվարդիոլայի սաները 4 հարված կատարեցին, որոնք դիպուկ էին, իսկ երեքը՝ արդյունավետ՝ վճռելով հանդիպման ելքը։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում այլևս գոլեր չարձանագրվեցին․ «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Ֆուլհեմին» 3։0 հաշվով։
Այս հաղթանակից հետո մանկունյական ակումբը 30 խաղերից հետո վաստակեց 71 միավոր և վստահորեն գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը՝ հետապնդող «Մանչեսթեր Յունայթեդին» այս պահին գերազանցելով 17 միավոր։
«Ֆուլհեմը», վաստակած 26 միավորով, գտնվում է վտանգավոր գոտում․ թիմը 18-րդ հորիզոնականում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալֆոնս Արեոլա, ԱՊԼ, Բերնարդու Սիլվա, Գաբրիել Ժեզուս, Ժոաո Կանսելու, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Ջոն Սթոունզ, Սերխիո-Ագուերո, Ֆերան Տորես, Ֆուլհեմ