Մանչեսթեր Սիթին անկասելի է! Դե Բրոյնեն ու ընկերները ջախջախեցին Յունայթեդին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։
Կարելի է ասել` «քաղաքաբնակները» հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 5-րդ րոպեին Կևին դե Բրոյնեն առաջ մղեց «Սիթիին»։
«Կարմիր սատանաների» պատասխանը չուշացավ. 22-րդ րոպեին Ռալֆ Ռանգնիկի թիմը նետվեց կտրուկ հակագրոհի, որը հիանալի հարվածով եզրափակեց Ջեյդոն Սանչոն։
Այդուհանդերձ, «Յունայթեդի» ուրախությունը շատ կարճ տևեց։ 28-րդ րոպեին տանտերերը խառնշփոթ իրավիճակ ստեղծեցին Դավի դե Խեայի պաշտպանած դարպասի ուղղությամբ, որից էլ ամենարագը կողմնորշեց Կևին դե Բրոյնեն` դառնալով դուբլի հեղինակ։
Առաջին կեսի մնացած ժամանակահատվածում երկու ակումբներն էլ կարող էին հաշվի մեջ նոր փոփոխություն մտցնել, սակայն կողմերն ընդիջման գնացին 2:1 հաշվի պայմաններում։
Պեպ Գվարդիոլայի թիմը գրեթե կատարյալ երկրորդ խաղակես անցկացրեց ու որևէ հնարավարություն չտվեց մրցակցին։
«Քաղաքաբնակների» մեծ առավելությունը տվեց իր պտուղները. 68-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո հիանալի գոլի հեղինակ դարձավ Ռիյադ Մարեզը` հաշիվը դարձնելով 3:1։
Նշենք, որ Կևին դե Բրոյնեն խփած երկու գոլին ավելացրեց նաև գոլային փոխանցում։
90+3-րդ րոպեին էլ Մարեզն ապահովեց հանդիպման «յուղոտ» ու ջախջախիչ վերջաբանը` նույնպես դառնալով դուբլի հեղինակ, իսկ լուսատախտակին վառվեց 4:1 հաշիվը։
Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» հաղթեց 4:1 հաշվով, վաստակեց 69 միավոր և շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Մանչեսթեր Յունայթեդը», 47 միավորով, 5-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Ջեյդոն-Սանչո, Ռալֆ Ռանգնիկ, Ռիյադ Մարեզ