Մանչեսթեր Սիթիի տրանսֆերային գլխավոր նպատակները
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, «Մանչեսթեր Սիթին» այս տրանսֆերային պատուհանին և գալիք ամռանը միասին վերցրած մտադիր է ձեռք բերել 4-6 ֆուտբոլիստ։
Պեպ Գվարդիոլայի համար խնդրահարույց են համարվում պաշտպանության կենտրոնն ու ձախ եզրը։ Նախորդ ամռանը թիմը որոշեց հեռացող Վենսան Կոմպանիի փոխարեն ոչ ոքի չգնել՝ երկարաժամկետ հույսեր կապելով Էմերիկ Լապորտի հետ։ Սակայն, ֆրանսիացին մրցաշրջանի մեկնարկում ծանր վնասվածք ստացավ և արդեն 4 ամիս է ապաքինվում է։
Ըստ աղբյուրի՝ «Սիթին» դիտարկում է «Վիլյառեալի» պաշտպան Պաու Տորեսին և «Բենֆիկայի» ֆուտբոլիստ Ռուբեն Դիաշին ձեռք բերելու հնարավորությունները։ Ձախ պաշտպանի դիրքում «քաղաքաբնակները» մտադիր են ձեռք բերել «Լեսթերի» եզրային Բեն Չիլվելին։
Կիսապաշտպանությունը ուժեղացնելու հիմնական թեկնածուն Սաուլ Նիգեսն է, ում դիտարկում են որպես Դավիդ Սիլվայի փոխարինող, ով մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է Մանչեսթերից։ Լերոյ Սանեի հավանական փոխարինողը նույնպես հանդես է գալիս իսպանական Լա լիգայում։ Վերջերս ավելի հաճախ են խոսակցությունները, որ Լերոյ Սանեի հեռանալու դեպքում, անգլիական ակումբը ձեռք կբերի «Ռեալ Սոսիեդադի» 22-ամյա վինգեր Միկել Օյարսաբալին։
# Մանչեսթեր-Սիթի