ՄՅՈՒ-ի կազմում իր դեբյուտից ի վեր Բրունուն ավելի շատ է 11-մետրանոց իրացրել, քան ԱՊԼ-ի ցանկացած այլ ակումբ
Անգլիական Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց «Նյուքասլին» և առավելության հասավ 3։1 հաշվով։
Հանդիպման 75-րդ րոպեին մանկունյական ակումբի 3-րդ գոլը հեղինակեց տանտերերին հարձակվողական ոճի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը։
Ինչպես տեղեկացնում է Opta Sports-ը, ԱՊԼ-ի շրջանակում նորամուտը նշելուց հետո (2020 թվականի փետրվար) պորտուգալացին ավելի շատ է գոլի հեղինակ դարձել 11-մետրանոց նշակետից (11 անգամ), քան Պրեմիեր լիգայի ցանկացած այլ ակումբ՝ չհաշված «Մանչեսթեր Յունայթեդը»։ Հատկանշական է, որ նույն ժամանակահատվածում «Չելսին» և «Լեսթերը» միայն 9 անգամ են 11-մետրանոցից դարձել գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը մանկունյական ակումբ է տեղափոխվել 2020 թվականի հունվարի 29-ին պորտուգալական «Սպորտինգից»` 60 մլն եվրոյի դիմաց։ Պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ նախատեսված է 2025 թվականի հունիսի 30-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Բրունուն բոլոր խաղերի հաշվարկով «Յունայթեդի» կազմում 38 հնարավոր հանդիպումներից մասնակցել 36 խաղի՝ դառնալով 20 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բրունո Ֆերնանդեշ, Բրունու Ֆերնանդեշ, Լեսթեր, Մանչեսթեր-Յունայթեդ, Նյուքասլ, Չելսի, Սպորտինգ