Մանչեսթեր Յունայթեդը հաղթեց Բրենթֆորդին` մոտենալով ՉԼ գոտուն🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ 17-րդ տուրից հետաձգված «Բրենթֆորդ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը։
Հանդիպման առաջին կեսում տանտերերը շատ ավելի լավ տեսք ունեին և ստեղծեցին մի շարք իրական գոլային պահեր, սակայն միայն «Բրենթֆորդի» կիսապաշտպան Մաթիաս Յենենը երկու անգամ վրիպեց նպաստավոր դիրքերից, իսկ վճռորոշ պահերին «Յունայթեդին» օգնության էր գալիս դարպասապահ Դավիդ դե Խեան։
Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում։
Երկրորդ կեսի հենց մեկնարկից ճնշում էին գործադրում արդեն «կարմիր սատանաները», ովքեր 55-րդ րոպեին Էնթոնի Էլանգայի խփած գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։
Հաջորդ լուրջ վտանգավոր գրոհը Ռալֆ Ռանգնիկի սաները նույնպես վերածեցին դարպասի գրավման. 62-րդ րոպեին աչքի ընկավ Մեյսոն Գրինվուդը։
77-րդ րոպեին «Բրենթֆորդ Քոմունիթի» մարզադաշտի լուսատախտակին վառվեց արդեն 0:3 հաշիվը, իսկ գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Մարկուս Ռեշֆորդը։
Թոմաս Ֆրանկի թիմը կարողացավ միայն կրճատել հաշվի տարբերությունը. 85-րդ րոպեին «Յունայթեդի» տուգանային հրապարակում ստեղծված խառնաշփոթ իրավիճակից ամենաարագն օգտվեց Իվան Թոնին ու հաշիվը դարձրեց 1:3։
Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» 3:1 հաշվով հաղթեց «Բրենթֆորդին», վաստակեց 35 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը, սակայն ընդամենը 2 միավոր է զիջում Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվեց 4-րդ տեղը զբաղեցնող «Վեսթ Հեմին»։
«Մեղուները», Պրեմիեր լիգայի շրջանակում կրելով 3-րդ անընդմեջ պարտությունը, մնացին 23 միավորով և զբաղեցնում են 14-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բրենթֆորդ, Էնթոնի Էլանգա, Թոմաս Ֆրանկ, Իվան Թոնի, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկուս-Ռեշֆորդ, Մեյսոն Գրինվուդ, Ռալֆ Ռանգնիկ