Մանեն հարազատ քաղաքում կկառուցի առաջին հիվանդանոցը
«Լիվերպուլի» վինգեր Սադիո Մանեն ոչ միայն աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է, այլև ամենաառատաձեռն և բարի մարդկանցից մեկն է։ Մանեն վերջերս 45 հազար եվրո նվիրաբերեց Սենեգալին կորոնավիրուսի դեմ պայքարի համար, իսկ ավելի վաղ դպրոց էր կառուցել հարազատ Բամբալի քաղաքում։
Մոտակա կես տարում սենեգալցի հարձակվողը Բամբալիում կկառուցի նաև հիվանդանոց, որը քաղաքի համար կդառնա առաջինը։ Այդ խնդիրն առկա է գրեթե բոլոր աֆրիկյան պետություններում։ 17 հազար բնակչություն ունեցող Բամբալին չունի որևէ բժշկական հաստատություն։
«Ես գիտեմ, թե որքան կարևոր է ժամանակակից բժշկական օգնությունը։ Մենք պարզապես չհասցրինք փրկել իմ հորը, քանի որ Բամբալիում պարզապես չկա հիվանդանոց»,- պատմել է Մանեն «Պատրաստված է Սենեգալում» փաստավավերագրական ֆիլմում։
Մանեի հայրը մահացել է երկարատև հիվանդությունից հետո, երբ ապագա ֆուտբոլիստը եղել է ընդամենը 7 տարեկան։ Բանն այն է, որ նախքան հոր մահը, նրա հիվանդությունը նահանջել էր, քանի որ նրա ընտանիքը հայթհայթել էր անհրաժեշտ դեղամիջոցները։ Մանեն ընկերների հետ ֆուտբոլ խաղալիս է եղել, երբ նրա զարմիկը եկել և հայտնել է հոր մահվան լուրը։
Այդ ժամանակ չօգնեցին նաև դեղամիջոցները, քանի որ Բամբալում պարզապես չկար որևէ բժշկական հաստատություն, և Մանեի հորը ստիպված էին տեղափոխել մոտակա գյուղերից մեկը։ Մանեի հայրը մահացել էր ճանապարհին։
Մոտակա գյուղ են գնում նաև ծննդկանները, քանի որ Բամբալիում չկա նույնիսկ ծննդատուն։ Շատերը որպեսզի չգնան մոտակա գյուղերից մեկը, ծննդաբերում են տանը։ Այդպես է լույս աշխարհ եկել նաև Սադիո Մանեի քույրը։
«Հիվանդանոցի բացակայությունը պարզապես սարսափելի է։ Ես ցանկանում եմ այն կառուցել, որպեսզի օգնեմ մարդկանց։»,- բացատրել է ֆուտբոլիստը։
Մանեն հստակ տրամաբանություն ունի։ Նախորդ տարի նա 200 հազար եվրո ներդրեց, որպեսզի քաղաքում կառուցվի դպրոց, քանի որ զարգացման առաջին նախապայմաններից մեկը, ըստ ֆուտբոլիստի, հենց կրթությունն է։ Հաջորդ քայլը հիվանդանոցի կառուցումն է, քանի որ «դուք պետք է լինեք առողջ նախքան աշխատանքի գնալը»,- նշել է ֆուտբոլիստը։
Մանեն տարեկան վաստակում է 5 մլն ֆունտ աշխատավարձ, բայց երբեք չի վատնում իր աշխատավարձը, նա նույնսիկ չի փոխում իր ճաքած էկրանով Iphone-ը։
«Ինչի՞ս է պետք 10 Ferrari-ն, 20 ադամանդե ժամացույցը կամ երկու մասնավոր ինքնաթիռը։ Ի՞նչ են այդ ամենը տալու ինձ կամ աշխարհին։ Ես դժվար ժամանակներ եմ վերապրել՝ ֆուտբոլ խաղալով նույնիսկ բոբիկ։ Ես չեմ ստացել կրթություն և այլ շատ կարևոր բաներ, որոնք անհրաժեշտ են հասարակ մարդուն։
Սակայն ես այժմ ֆուտբոլի շնորհիվ աշխատում եմ մեծ գումարներ և կարող եմ օգնել մարդկանց։ Ես կառուցել եմ դպրոցներ, մարզադաշտ։ Այն մարդիկ, ովքեր ապրում են ծայրահեղ աղքատ պայմաններում, մենք ապահովում ենք հագուստով և ուտելիքով։ Ես նախընտրում եմ, որ համաքաղաքացիներս ստանան այն ամենի մի մասը, ինչ կյանքն ինձ տվել է։
Մանեն նաև ունի նաև այլ շատ դրական քայլեր, որոնք կապված են առօրյա կյանքի հետ։ Օրինակ՝ մեկ անգամ Լիվերպուլում նա պատահաբար հանդիպել է իր գանացի ընկերոջը` հրավիրելով նրան թեյ խմելու։ Նրա ընկերը Մանեին ասել է, որ պետք է մաքրի քաղաքի մզկիթներից մեկի զուգարանը և Մանեն օգնել է նրան։ Այդ ամենը հայտնվել էր համացանցում, քանի որ մզկիթում տեղադրված տեսախցիկները ֆիքսել էին Մանեին։
«Չելսիի» դեմ նախորդ տարվա Եվրոպայի սուպերգավաթի խաղում Մանեն դարձավ դուբլի հեղինակ՝ օգնելով իր թիմին նվաճել գավաթը։ Փոխարինվելուց հետո սենեգալցի ֆուտբոլիստը կանչեց բոլբոյին և նվիրեց իր խաղաշապիկը նրան։
Նախորդ տարի դեկտեմբերի 14-ին «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասավ «Վոթֆորդի» նկատմամբ։ Խաղից հետո Մանեն հանդերձարանում զրուցում էր իր հայրենակից Իսմայիլա Սարի հետ, ով նախորդ ամռանն էր 30 մլն եվրոյի դիմաց «Ռենից» տեղափոխվել անգլիական ակումբ։ Մանեն միաժամանակ սպասում էր նաև «Վոթֆորդի» ավագ Տրոյ Դինիին, որպեսզի խնդրի նրան, որ հոգ տանի նրանց երիտասարդ գործընկերոջ մասին, իսկ ավելի մանրամասն՝ տեսանյութում։
2019 թվականի մարտին Մանեն գտնվում էր հավաքականի ճամբարում։ «Երեք առյուծները» պատրաստվում էին Կոնգոյի դեմ հանդիպմանը։ Երբ հավաքականի ֆուտբոլիստների ավտոբուսը ժամանակեց մարզադաշտի մոտ, տեսնելով, որ հավաքականի աշխատակիցներից մեկը դատարկում է ավտոբուսը, Մանեն սկսեց նրան օգնել, իր հետ տանելով ջրերով լի արկղերից երկուսը, իսկ նրա խաղընկերներն անտարբեր անցան այդ ամենի կողքով։
Սենեգալն այդ խաղում հաղթեց 2։0 հավշով։ Խաղից հետո մի խումբ երկրպագուներ հավաքվել էին և սպասում էին, թե երբ են ժամանելու հավաքականի ֆուտբոլիստները։ Մանեն տեսնելով, որ երկրպագուների շարքերում կան մարդիկ, ովքեր «Լիվերպուլի» մարզաշապիկով են և կանչեց նրանց ավտոբուս՝ հավաքականի ֆուտբոլիստների և վարորդի հետ նկարվելու։
Հետագայում պարզվեց, որ երկրպագուներից մեկը Մանեի նմանակն է։
# Լիվերպուլ, Սադիո-Մանե, Սենեգալի հավաքական