Մահացել է Ֆրանց Բեկենբաուերը
78 տարեկան հասակում մահացել է գերմանական և համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Ֆրանց Բեկենբաուերը։
Այդ մասին հայտնել է նախկին ֆուտբոլիստի ընտանիքը.
«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ ամուսին և հայր Ֆրանց Բեկենբաուերը խաղաղությամբ մահացել է երեկ՝ կիրակի, քնած ժամանակ՝ շրջապատված իր ընտանիքով»,- մեջբերում է Sky.de-ն։
Նշենք, որ «Կայզեր Ֆրանցը» կարիերայի ընթացքում հանդես է եկել «Բավարիայի» (1964-77 թթ., 584 հանդիպում, 74 գոլ և 75 գոլային փոխանցում), «Նյու-Յորք Կոսմոսի» (1977-80 և 1982-83 թթ., 132 հանդիպում, 23 գոլ) և «Համբուրգի» (1980-82 թթ., 38 հանդիպում) կազմում։
Բեկենբաուերը նաև 14 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ է դարձել Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հավաքականի կազմում` անցկացրած 104 խաղում։
Բեկենբաուերը, որպես գլխավոր մարզիչ, աշխատել է ԳՖՀ հավաքականի (1984-92 թթ.), «Մարսելի» (1990թ. սեպտեմբեր 1-ից դեկտեմբերի 31) և «Բավարիայի» (1993թ. դեկտեմբերի 28-ից 1994 թ. հունիսի 30 և 1996 թ. ապրիլի 28-ից մայիսի 15) ղեկին։
«Կայզեր Ֆրանցը» 1994-2009 թթ. նաև զբաղեցրել է «ռեկորդ մայսթերի» նախագահի պաշտոնը։
Ֆրանց Բեկենբաուերը, որպես ֆուտբոլիստ, 5 անգամ դարձել է Բունդեսլիգայի չեմպիոն, 3 անգամ` Եվրոպական չեմպիոնների գավաթի (խմբ.` ներկայիս Չեմպիոնների լիգան) հաղթող, 4 անգամ` Գերմանիայի գավաթակիր, 1-ական անգամ` Միջմայցամաքային գավաթի ու Գավաթակիրների գավաթի հաղթող, 3 անգամ էլ` ԱՄՆ չեմպիոն։
ԳՖՀ հավաքականի կազմում Բեկենբաուերը մեկական անգամ դարձել է Եվրոպայի (1972 թ.) և աշխարհի (1974 թ.) չեմպիոն։
Բեկենբաուերը, որպես գլխավոր մարզիչ, մեկական անգամ դարձել դարձել է աշխարհի, Բունդեսլիգայի և Լիգա 1-ի չեմպիոն ու ՈՒԵՖԱ-ի գավաթակիր։
«Կայզեր Ֆրանցը» երկու անգամ France Football-ի կողմից դարձել է «Ոսկե գնդակի» դափնեկիր (1972 և 1976 թթ.), 3 անգամ ընդգրկվել է աշխարհի առաջնությունների, 12 անգամ` Բունդեսլիգայի խորհրդանշական հավաքականում, ինչպես նաև 4 անգամ ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ֆրանց Բեկենբաուեր