Ճաղարյան. Արթուր Վանեցյանի դեմ իրականացրած սաբոտաժի հետևում ՀՖՖ գլխավոր քարտուղարն է կանգնած
ՀՖՖ մրցավարական բաժնի նախկին պետ, ՖԻՖԱ-ի մրցավար, «Բաց ֆուտբոլ» հաղորդաշարի հեղինակ և վարող Արարատ Ճաղարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի ընտրության և ֆեդերացիայում այդ առթիվ ստեղծված իրավիճակի մասին:
Ըստ Ճաղարյանի՝ Աբրահամ Խաշմանյանի անձն ընդհանրապես քննարկելու խնդիր չկա: «Այն, ինչ եղավ՝ ոչնչից աղմուկ էր, փոթորիկ մի բաժակ ջրում»,- նշել է Ճաղարյանը Աբրահամ Խաշմանյանի նշանակման հարցի շուրջ։
«Կատարվածը ցույց տվեց, թե ինչ է կատարվում ֆեդերացիայում արդեն մեկ տարուց ավել: Բազմիցս նշվել է, որ ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը գտնվում է լուսանցքում այսինքն` նրա նկատմամաբ իրականացվել է սաբոտաժ, անհարգալից վերաբերմունք, կամ էլ նա չի տիրապետում իրավիճակին, չի կարողանում իմանալ, թե ինչ է կատարվում ներքևներում»,- ասաց նա:
Ճաղարյանի համար անհասկանալի է, թե ինչպե՞ս հունիսի 26-ի ընդհանուր ժողովից հետո, ավելի քան չորս ամիս, ֆեդերացիայի նախագահը տեղյակ չէր, որ կառույցի նոր կանոնադրությունը պետռեգիստրում դեռ գրանցված չի եղել:
«Ո՞վ է դրա պատասխանատուն, աշխատակա՞զմը, թե՞ մի աշխատակից: Կարծում եմ, որ իրավիճակի պատասխանատուն ՀՖՖ գլխավոր քարտուղարն է: Սաբոտաժի կազմակերպման ու իրականացման ամբողջ պատասխանատուն հենց նա է»,- նշել է Ճաղարյանը:
Ճաղարյանը նաև դիտարկում է արել այն մասին, որ հայկական ֆուտբոլը դարձել է «ռազբորկաների թատերաբեմ»: Ընդ որում՝ առաջինն աղմուկ բարձրացրեց ՀՖՖ համապատասխանեցման և ներքին աուդիտի կոմիտեի նախագահը, որին միացան քաղաքական այրերը: Ճաղարյանը ցավով նշում է, որ այսօր քաղաքականությունն արդեն ամբողջ թափով մտել է ֆուտբոլ:
# Արարատ Ճաղարյան, ՀՖՖ, ՀՖՖ գլխավոր քարտուղար