ԿԼ. Ղազախական ակումբն իր տնային հանդիպումը կանցկացնի Երևանում
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Շախտյոր Կարագանդա» (Ղազախստան) – «Ստյաուա» (Ռումինիա) դիմակայության պատասխան հանդիպումը տեղի է ունենալու Հայաստանում։ Այդ մասին տեղեկացնում է Կարագանդան ներկայացնող ակումբի գործադիր տնօրեն Երլան Ուրուզաևը։
««Ստյաուայի» դեմ պատասխան հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Հայաստանում։ Ղազախստանն այլ երկրների համար գտնվում է համաճարակային «կարմիր գոտում», իսկ Ռումինիայի կառավարությունն այդպիսի երկրներից վերադարձածներին պարտադրում է անցնել կարանտին։
Այդ ամենը հաշվի առնելով` Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի օգնությամբ հանդիպումը կկազմակերպվի Հայաստանում։
Կարագանդան երկար տարիներ սպասել է, որպեսզի եվրագավաթային հանդիպում անցկացնի, և մենք հույս ունեինք խաղալ սեփական պատերի ներքո` հարազատ երկրպագուների ներկայությամբ, սակայն, ցավոք, ստեղծվում են նաև նման տհաճ իրավիճակներ։
Այսպիսով, ՍԴՅՈՒՇՈՐ-ի դեմ գավաթային խաղից հետո մենք ստիպված կլինենք կրկին մեկնել արտերկիր, սակայն, չնայած ծառացած խնդիրներին, մենք կպայքարենք մինչև վերջ և կներդնենք բոլոր ուժերը, որպեսզի հաղթենք այս դիմակայությունում։
Ներկա պահին մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ Հայաստանից մեր երկրպագուների համար կազմակերպենք հանդիպման հեռարաձակումը»,- գրել է Ուրուզաևը Instagram-ի իր էջում։
Հավելենք, որ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում նույնպես «Շախտյոր» – «Ստյաուա» հանդիպման պատասխան հանդիպման անցկացման վայրը նշվում է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը։
Հանդիպումը կայանալու է հուլիսի 29-ին` Երևանի ժամանակով 17:00-ից սկսած. այդ խաղում տանտեր ակումբը լինելու ղազախական ակումբը, իսկ դիմականության առաջին խաղում «Ստյաուան» հաղթել է 1:0 հաշվով։
Նշենք, որ Կարագանդայի «Շախտյորի» կազմում է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կոնֆերենցիաների լիգա, Շախտյոր Կարագանդա, Ստյաուա, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ