Տրանսֆերային շուկան անկում է ապրում․ եվրոպական ակումբների տրանսֆերային ծախսերը կտրուկ նվազել են

Տրանսֆերային շուկան անկում է ապրում․ եվրոպական ակումբների տրանսֆերային ծախսերը կտրուկ նվազել են

02/02/2021 - 16:33

Փետրվարի 1-ի ուշ երեկոյան եվրոպական բոլոր թոփ-5 առաջնություններում փակվեց 2021 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանը։

LiveScore-ը հետաքրքիր վիճակագրական տվյալ է դուրս բերել։ Ըստ այդ տվյալի՝ նախորդ տարիների համեմատ եվրոպական ակումբների տրանսֆերային ծախսերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նվազել են 70 %-ով։

Այս տրանսֆերային պատուհանի ընթացքում եվրոպական ակումբներն իրականացրել են 248 տրանսֆեր՝ դրանց դիմաց վճարելով ընդհանուր 249 մլն եվրո։

Համեմատության համար նշենք, որ 2017/18 մրցաշրջանի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կատարվել է 430 տեղափություն, որոնց դիմաց ակումբները վճարել են մոտ 1 մրդ եվրո, ավելի կոնկրետ՝ 939 մլն եվրո։

Այս ցուցանիշը անցնող 10 տարիների ընթացքում լավագույնն է։

Երկրորդ լավագույն արդյունքը գրանցվել է 2019/20 մրցաշրջանի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, երբ 453 տրանսֆերի դիմաց ակումբները, միասին վերցրած, վճարեցին 837 մլն եվրո։

Ինչպես տեղեկացնում է Football Daily-ն՝ հղում կատարելով Deloitte հետազոտական ընկերությանը, մշտապես ամենաշատ ծախսող առաջնությունը՝ Պրեմիեր լիգան, 2012 թվականի ի վեր ամենաքիչն է ծախսել։

Ըստ Transfermarkt-ի տրամադրած տվյալների՝ ԱՊԼ-ի ակումբներն ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ծախսել են ընդամենը 68 մլն ֆունտ։

Համեմատության համար նշենք, որ 2020 թ․ անգլիական ակումբները ծախսել էին 188 մլն ֆունտ, իսկ ամենաշատը՝ 2018 թ․ 500 մլն եվրո։

Գրեթե նույն պատկեր է նաև եվրոպական մյուս թոփ առաջնություններում, մասնավորապես, եթե ԱՊԼ-ում տրանսֆերային ծախսերը նվազել են 64%-ով, ապա Լա լիգայում՝ 88 %-ով, Բունդեսլիգայում ու Լիգա 1-ում՝ 76-%-ով, իսկ Ա սերիայում՝ 63 %-ով։

Մի շարք վերլուծաբաններ այս ամենը կապում են կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած ֆինանսական ճգնաժամի հետ, ինչի պատճառով բազմաթիվ ֆուտբոլային ակումբներ այժմ նախընտրում են վարձակալել ֆուտբոլիստներին, այլ ոչ թե միանգամից ձեռք բերեն։

Մի շարք վերլուծաբաններ էլ նշում են, որ վարձակալում են ֆուտբոլիստներին, որպեսզի խուսափեն ֆինանսական fair-play-ի կանոնները խախտելուց՝ խուսափելով նաև գերծախսերից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023