«Հրաժեշտ տալու ժամանակն է». Հարոյանն ավարտեց մրցելույթները Հայաստանի հավաքականում
Հունգարական «Կազինցբարցիկայի» պաշտպան Վարազդատ Հարոյանն ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանի հետ զրույցում հայտնել է, որ ավարտում է մրցելույթները Հայաստանի ազգային հավաքականում.
«Ոզում եմ հայտարարել, որ որոշել եմ ավարտել կարիերաս Հայաստանի հավաքականում: 92 խաղ եմ անցկացրել հավաքականի ամենաուրախ և ամենաբարդ ժամանակաշրջաններում: Միշտ պատրաստ կանգնած եմ եղել հավաքականի կողքին: Ինձ թվում է՝ ավելորդ է խոսել նվիրվածությանս և հայրենասիրությանս մասին, քանի որ դա դուք ինքներդ եք տեսել թե՛ դաշտում, թե՛ դրանից դուրս:
Կարիերայիս ընթացքում հավաքականն ինձ շատ բան է տվել: Ես էլ այդ նույնը 15 տարի տվել եմ հավաքականին: Ամբողջ սրտով խաղացել եմ իմ ազգի համար: Հիմա ժամանակն է հրաժեշտ տալու: Պատճառն էլ կասեմ, քանի որ բան չունեմ թաքցնելու: Մի անգամ փորձեցի աշխատել մեր նորանշանակ մարզչի հետ, չստացվեց: Երկրորդ անգամ չեմ ուզում, որովհետև չի ստացվելու: Նույնիսկ ցանկություն չկա փորձելու: Շնորհակալություն բոլորին այսքան տարիների վստահության համար: Հաջողություն եմ մաղթում իմ ազգային հավաքականին: Միշտ հոգով և սրտով ձեր կողքին եմ»,- ասել է Հարոյանը։
32-ամյա Հարոյանը Հայաստանի հավաքականում հանդես էր գալիս 2011 թ. օգոստոսից, 92 խաղում խփել է 4 գոլ, կատարել 3 ասիստ։ Նա 2020 թ. սեպտեմբերից կրում էր հավաքականի ավագի թևկապը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Կազինցբարցիկայ