ՀՀ Աժ-ը պատգամավորը Չանչարևիչին մեղադրել է դիտավորյալ գոլեր բաց թողնելու մեջ

ՀՀ Աժ-ը պատգամավորը Չանչարևիչին մեղադրել է դիտավորյալ գոլեր բաց թողնելու մեջ

12/09/2024 - 16:12

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը սոցցանցերում գրառում է արել և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչին մեղադրել դիտավորյալ գոլեր բաց թողնելու մեջ Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի երկրորդ տուրի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում (0:2).

«Երանի նրանց, ովքեր ֆուտբոլի Հայաստանի հավաքականի այսօրվա խաղը չեն դիտել: Իրոք, երանի նրանց:
Իսկ ես դիտել եմ, ես պարտավոր եմ դիտել ու չեմ կարող հասկանալ, թե ինչպես կարելի է պարտվել տասը հոգով խաղացող, չափից ավելի վատ մարզավիճակում գտնվող Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին:


Ֆուտբոլն այն եզակի մարզաձևն է, որը ազգի գոնե մի մասին այս անհասկանալի իրականությունում ուրախություն է պարգևում: Չի կարելի այսպես վարվել: Չի կարելի դարպասը վստահել մի դարպասապահի, որը լավն է, բայց պարբերաբար ձգտում է դեպի կոպիտ սխալը: Երկու գոլն էլ իր մեղքով էր: Նա դիտավորյալ բաց թողեց այդ գոլերը: Մինչև գոլերն էլ մի քանի փորձ արեց գոլ բաց թողնելու, բայց գնդակը դարպասին չգնաց:

Չեմ կարող հասկանալ Պետրակովին, որը փոխարինեց Ռանոսին, Սևիկյանին, Թիկնիզյանին, Սելարայանին: Եթե նա ուզում էր տեսնել, թե ինչ է լինում թիմի հետ առանց այդ ֆուտբոլիստների, կարող էր հարցնել, կասեինք:
Մի խոսքով, կրկին խայտառակ եղանք: Ոչ, պարտվելը ֆուտբոլում խայտառակություն չէ, բայց խայտառակություն է, երբ պարտվում ես ակնհայտ թույլ, վատ մարզավիճակի մեջ գտնվող թիմի, որը մի ամբողջ խաղակես խաղում է տասը հոգով:
Ոմանք կասեն, թե բա երկիրն այս ու այն վիճակի մեջ է, տարածաշրջանը եռում է, և այլն, և այլն, ինչ ֆուտբոլ այս իրավիճակում, բայց դե որ դուք չեք հասկանում, թե ֆուտբոլն ինչ է ու ինչ հզոր ուժ ունի պետության վերելքի հարցում, ապա ավելորդ ժամանակ չվատնեմ ու չբացատրեմ, իսկ ֆուտբոլի ղեկավարները պետք է գործին շատ ավելի լուրջ մոտենան: Իրոք, եթե այսպես եք խաղալու, ավելի լավ է չխաղաք»,- գրել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպման ամբողջ երկրորդ խաղակեսն անցկացրել է քանակական առավելությամբ։ Մրցակիցը գոլերը խփել է 10 ֆուտբոլիստներով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023