Հերթական դրաման! Գանան գոլառատ և անչափ համառ պայքարում հաղթեց Հվ. Կորեային 🎥
ԱԱ-2022-ի H խմբի 2-րդ տուրում Գանայի հավաքականը մրցեց Հարավային Կորեայի դեմ։
«Սև աստղերը» հանդիպումը բավական վստահ սկսեցին և նախքան ընդմիջում երկու անպատասխան գնդակ ուղարկեցին հարավկորեացիների դարպասը. 24-րդ ու 34-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Մոհամեդ Սալիսուն ու Մոհամեդ Քուդուսը։
Պաուլու Բենտուի թիմը, որն առաջին խաղակեսում գրեթե ոչնչով աչքի չընկավ, երկրորդ խաղակեսում կերպարանափոխված տեսք ուներ և կարողացավ բեկել հանդիպման ընթացքն` շատ արագ ոչ միայն կրճատելով, այլև հավասարեցնելով հաշիվը. 58-րդ ու 61-րդ րոպեներին երկու անգամ գոլի հեղինակ դարձավ Չո Գյուսոնը։
Այդուհանդերձ, հարավկորեացիների ուրախությունը շատ կարճ տևեց, քանի որ արդեն 68-րդ րոպեին գանացիները Քուդուսի ջանքերով կրկին առաջ անցավ հաշվի մեջ։
22-ամյա ֆուտբոլիստը, ինչպես Չո Գյուսոնը, նույնպես դարձավ դուբլի հեղինակ։
Խաղավերջում «ասիական վագրերն» ունեին խաղային հսկայական առավելություն և ամեն կերպ փորձում էին ոչ-ոքի կորզել, սակայն Գանայի դարպասապահ Լոուրենս Աթի Զիգին որոշ դրվագներում պարզապես հրաշքներ էր գործում. 25-ամյա դարպասապահը կատրեց 4 սեյվ։
Ի վերջո, Օտո Ադոյի սաները պահպանեցին հաղթական հաշիվն` անչափ համառ պայքարում առավելության հասնելով 3:2 հաշվով։
Նշենք, որ այս խմբում կկայանա ևս մեկ հանդիպում.
Պորտուգալիա – Ուրուգվայ
Այս հանդիպումից հետո H խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
- Պորտուգալիա – 3 միավոր
- Գանա (անցկացրած երկու հանդիպում) – 3 միավոր
- Ուրուգվայ – 1 միավոր
- Հվ. Կորեա (անցկացրած երկու հանդիպում) – 1 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Գանայի հավաքական, Հարավային Կորեայի հավաքական, Մոհամեդ Սալիսու, Մոհամեդ Քուդուս, Մունդիալ-2022, Պաուլու Բենտու, Քաթար-2022