Հաջողություն մաղթել  ջենթլմենի նման  կամ ինչու՞ է հեռանում Հանսի Ֆլիկը

Հաջողություն մաղթել ջենթլմենի նման կամ ինչու՞ է հեռանում Հանսի Ֆլիկը

18/04/2021 - 23:48

Հեռանալն էլ է արվեստ։ Տեսեք՝ քանի մարզիչներ են մնացել իրենց ակումբներում, քանի որ չեն տիրապետում այդ հեռանալու արվեստին։ Մնում են այնքան, մինչև փչացնում են հարաբերությունները ֆուտբոլիստների կամ երկրպագուների հետ, իսկ վատագույն դեպքում՝ երկուսի հետ էլ։

Սա նման է մարդկային հարաբերությունների, ու երբ կարողանում ես ժամանակին ասել հաջողություն, մնում ես կատարյալ։ Հանսի Ֆլիկը հաստատ կմնա կատարյալ Մյունխենի «Բավարիայի» համար․․․

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Բունդեսլիգայի 29-րդ տուրի «Վոլֆսբուրգի»դեմ հաղթական հանդիպումից հետո (3։2) հայտարարեց, որ ցանկանում է լքել ակումբը մրցաշրջանի ավարտից հետո՝ չնայած 56-ամյա մասնագետը մինչև 2023 թվականը պայմանագիր ունի ակումբի հետ։

-Ես այսօր ասել եմ իմ ֆուտբոլիստներին, որ հայտնել եմ ակումբի ղեկավարությանը ակումբը մրցաշրջանի ավարտից հետո լքելու ցանկությանս մասին։  Ես ուզում էի, որպեսզի ֆուտբոլիստները առաջինը ինձանից լսեն իմ որոշման մասին, – այ այսպես արտահայտվեց Sky Germany– ի եթերում Հանսի Ֆլիկը։

Անակնկալ էր արդյո՞ք այս որոշումը․․․ ամենևին։

Հանսի Ֆլիկը լուրջ տարաձայնություններ ունի ակումբի մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչի հետ, ինչը մեծապես կապված է ակումբի տրանսֆերային քաղաքականության հետ։

Մյունխենյան ակումբը ուղղակիորեն չունի կազմի այն խորությունը, որը պետք է ունենար․ հասարակ ու ակնառու օրինակ է Չեմպիոնների Լիգայի վերջին հանդիպումը Փարիզում, երբ Ֆլիկը խաղը փրկելու համար Խավի Մարտինեսին խաղադաշտ դուրս բերեց հարձակման դիրքում և 17-ամյա Ջամալ Մուսիալային։

Այս ամենի արմատները հասնում են մինչև նախորդ ամառային տրանսֆերային պատուհան, երբ Սալիհամիջիչը, պարզապես, տապալեց այն։ Խոստովանեք՝ այդ պահին աշխարհի ուժեղագույն ակումբը չի կարող բավարարվել Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգի և Մարկ Ռոկայի տրանսֆերներով։ 

Հանսի ֆլիկը հասկանում էր, որ նրա ակումբը հզոր է, բայց այդ հզորությունը պահելու համար նոր խաղացողներ են պետք, թիմի կազմին խորություն է պետք,  ու այժմ ստացվեց այնպես, որ մյունխենյան ակումբի ղեկավարությունը ուղղակի «քաշեց» իր մարզչին։

Այդ ամենին գումարվեց նաև Դավիդ Ալաբայի ու Ժերոմ Բոատենգի հետ պայմանագրերի չերակարաձգումը։ Հատկապես հետաքրքիր ստացվեց Բոատենգի պատմությունը։ Գերմանացի մասնագետը տարակուսանք արտահայտեց, երբ իմացավ պաշտպանի հետ պայմանագիրը չերկարաձգելու թիմի որոշման մասին։

«Վոլֆսբուգի» դեմ խաղից առաջ Սալիհամիջիչը հայտարարել էր, որ որոշումը ընդունվել է մարզչի հետ խորհրդակցությունից հետո, բայց արդեն խաղից հետո Հանսի Ֆլիկը բավական բարկացած էր և ասաց հետևյալը․

«Ես չեմ պատրաստվում խորանալ մանրամասների մեջ, ու ձևականություն անելը ուղղակի մարզելու մի մասն է կազմում»։

Այդ խոսքերով Ֆլիկը պարզապես հասկացրեց, որ Բոատենգի հետ կապված որոշումը կայացվել է առանց իր հետ խորհրդակցելու և համաձայնեցնելու։

Հանսի-Դիտեր Ֆլիկի նվաճումները Բավարիայի ղեկին

Հանսի Ֆլիկի նվաճումները 1,5 տարիների ընթացքում պատկառելի են։ Նա «Բավարիայի» գլխավոր մարզչի ժ/պ նշանակվելց 2019-ի նոյեմբերին, երբ հեռացվեց Նիկո Կովաչը։

Գերմանացի մարզչի տպավորիչ մեկնարկից հետո դեկտմեբերիկն ակումբը հաստատեց, որ Ֆլիկը կմնա ակումբի ղեկին մինչև մրցաշրջանի ավարտը։

2019/2020 մրցաշրջանում «Բավարիան» հաղթեց Բունդեսլիգան, Գերմանիայի գավաթը և Չեմպիոնների Լիգան։  Ակումբը իր պատմության մեջ ընդամենը երկրորդ անգամ էր նվաճել այս երեք տիտղոսները միաժամանակ՝ ձևակերպելով յուրահատուկ թրեբլ, իսկ Ֆլիկը ճանաչվեց ՈւԵՖԱ -ի վարկածով տարվա լավագույն մարզիչ։

Մյունխենյան ակումբը նվաճեց նաև ՈՒԵՖԱ-ի Սուպեր գավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը ու Գերմանիայի Սուպեր գավաթը, իսկ այժմ ակումբը 68 միավորով գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ առաջնության ավարտից 5 տուր առաջ մոտակա հետապնդող «Լայպացիգին» գերազանցում է 7 միավոր։

Ֆլիկի հեռանալով «Բավարիայից» կամ ակումբային ֆուտբոլից՝ շատ բան ենք կորցելու բոլորս։ Նման ջենթլմեններ շատ քիչ են ժամանակակից ֆուտբոլում։ Նման մասնագետների նկատմամբ անհնար է անտարբեր մնալ։ Հավատացե՛ք՝ պարտվելիս, բոլորը նույնն են, իսկ ահա հաղթելիս՝ միշտ տարբեր։ Հանսի Ֆլիկը միշտ եղել է օրինակելի թե՛ մամուլի ասուլիսներում, թե՛ պարտվելիս, թե՛ հաղթելիս․․․ ամենուր։

 Վստահ ենք՝ նա կրկին ստիպեց ն սիրել «Բավարիային» նույնիսկ նրանց, ովքեր այս ակումբի հանդեպ միշտ անտարբեր են եղել կամ հակակրանք են ունեցել և ցանկանում ենք շնորհակալություն Հանսի Ֆլիկին իր կատարած հիասքանչ աշխատանքի համար։ Հանսի, քո թիմի հակապրեսինգը, պարզապես, գազանություն էր, իսկ «Բավարիայի» ոչ մի հաղթանակ վիճահարույց չի եղել։

Սիրե՛ք ֆուտբոլը, ապրե՛ք ֆուտբոլով !!!

Կարեն Պողոսյան

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023