Հարոյան. «Բոլորս էլ գիտենք՝ սա ինչ խաղ է մեզ համար»
Այսօր` մարտի 24-ին, ՀՖՖ մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանի ու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի մամուլի ասուլիսը։
Նախ լրագրողների հարցերին պատասխանեց Վարազդատ Հարոյանը։
– Կարևոր խաղից առաջ թիմը հոգեբանական և մարզավիճակի տեսանկյունից ի՞նչ վիճակում է։
– Շատ լավ վիճակում եմ հոգեբանական տեսանկյունից։ «Աստանայի» հետ նոր պայմանագիր եմ ստորագրել։ Ֆիզիկապես առավել ևս խնդիրներ չունեմ։ Չնայած փոքր վնասվածքներ ունենք թիմում` ընդհանուր առմամբ լավ տեսք ունենք։
– Ի՞նչ կասեք Թուրքիայի հավաքականի մասին։ Ի՞նչ կարծիք ունեք մրցակցի մասին։
– Շատ լավ թիմ ունի մրցակիցը։ Շատ ֆուտբոլիստներ ունեն, ովքեր թոփ առաջնություններում են խաղում։ Ուսումնասիրել ենք մրցակցին, գիտենք նրանց ուժեղ և թույլ կողմերը։ Կփորձենք օգտագործել նրանց թույլ կողմերը և փակել ուժեղները։ Բոլորս էլ գիտենք՝ սա ինչ խաղ է մեզ համար։
– Հանդիպման բոլոր տոմսերը սպառված են։ Արդյո՞ք դա ձեզ համար օգնության ինչ-որ ձեռք կլինի։
– Շատ ուրախ եմ, որ բոլոր տոմսերը սպառված են։ Միանշանակ, դա օգնության ձեռք կլինի։
– Նոր մարզիչ է եկել հավաքական` իր հետ բերելով նոր շունչ։ Որքանո՞վ է հասանելի մարզչի փոխանցած միտքը և արդյո՞ք ամբողջ թիմը հարմարվել է մարզչի մտքին։ Այն, ինչ ցանկանում է մարզիչը տեսնել խաղադաշտում հասանելի՞ է ֆուտբոլիստների համար։
– Մեկ շաբաթ է արդեն ծանոթ ենք մարզչին։ Որոշ ֆուտբոլիստներ ավելի վաղ են ծանոթացել։ Այս մեկ շաբաթում մեծ աշխատանք է տարվել։ Մեր թիմում բոլորը պրոֆեսիոնալ են, կարծում եմ՝ շատ հեշտ ընտելացել են նրան։
– Հենրիխ Մխիթարյանի բացակայությունից հետո ի՞նչ փոփոխություններ են տեղի ունենում հավաքականում և ինչպե՞ս կանդրադառնա նրա բացակայությունը։
– Իհարկե, բացասական կանդրադառնա։ Հենրիխը մեծ պրոֆեսիոնալ է։ Միանշանակ, Մխիթարյանի ներկայությունը շատ-շատ կհեշտացներ մեր գործը, բայց ունենք այն, ինչ ունենք։ Հանդիպմանը կպատրաստվենք այն ֆուտբոլիստներով, ովքեր մեր տրամադրության տակ են, բայց դա Մխիթարյանի որոշումն է, և բոլորս էլ հարգում ենք այն։
– Նոր հարձակվող ունենք` ի դեմս Հրանտ Ռանոսի։ Որպես պաշտպան` խաղացել եք նրա դեմ խառի պարապմունքների ժամանակ։ Ի՞նչ տպավորություն ունեք նրանից։
– Շատ լավ տպավորություն է թողել։ Մարզումների ժամանակ այնպես ստացվեց, որ միշտ միմյանց դեմ էին խաղում։ Շատ լավ որակներ ունի։ Վստահ եմ` հետագայում մեզ շատ կօգնի։
– Նոր որակավորման փուլ է սկսվում։ Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի և Թուրքիայի հավաքականների շանսերը։ Ի՞նչ սպասելիքներ կան սպասվող խաղից։
– Իհարկե, մենք այս խմբում ֆավորիտ չենք, բայց մենք ամեն խաղի պատրաստվում ենք՝ ինչպես վերջինին։ Մանավանդ այս խաղը խաղալու ենք տանը, և բոլորս էլ հասկանում ենք, որ պետք է լավ հանդիպում անցկացնենք։ Թուրքիան մեր հիմնական մրցակցին է։ Խմբում կան շատ որակյալ հավաքականներ։ Ցանկաված խաղից փորձելու ենք քաղել առավելագույնը։
– Արդյո՞ք հիշում եք 2008 թվականին Թուրքիայի հավաքականի դեմ կայացած հանդիպումը և ի՞նչ հիշողություններ ունեք խաղից։
– Շատ լավ եմ հիշում։ Ես այդ խաղին եղել եմ դաշտի եզրագծի մոտ։ Շատ երիտասարդ էի այդ ժամանակ։ Մեծ բան էր դա ինձ համար։
Հավելենք, որ Հայաստան – Թուրքիա հանդիպունը կկայանա մարտի 25-ին` 21:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Հայաստան - Թուրքիա, Հայաստանի-հավաքական, Վարազդատ Հարոյան