Բասկյան դերբի․ Ալեքս Ռեմիրո․ հատելով դերբիի սահմանը
Բասկյան դերբին յուրաբատուկ իրադարձություն է «Ռեալ Սոսիեդադի» դարպասապահ Ալեքս Ռեմիրոյի համար։ 26-ամյա դարպասապահը վերջին ֆուտբոլիստն է, ում մասնակցությամբ «ուղիղ» տրանսֆեր է եղել բասկյան ակումբների միջև։
Ռեմիրոն, ով ծնվել և մեծացել է Բասկերի երկրի հարավում գտնվող Նավարայի շրջանում, ֆուտբոլային առաջին քայլերը կատարել է «Ատլետիկի» Լեզամայի հանրահայտ ակադեմիայում, սակայն այդպես էլ չի հասել ակումբի գլխավոր թիմ։
Թվում էր` Ռեմիրոն իր շանսը կստանա 2018/19 մրցաշրջանում, երբ «Ատլետիկի» հիմնական դարպասապահ Կեպա Արիսաբալագան ռեկորդային գումարի դիմաց տեղափոխվեց «Չելսի», իսկ նրա փոխարինող Յագո Էրերինը վնասվածք ստացավ, սակայն նոր պայմանագրի կնքման հարցում Ռեմիրոյի ու բասկյան ակումբի միջև բանակցությունները բարդ ընթացք ստացան։
«Քանի դեռ Ռեմիրոյի շուրջ ստեղծված իրավիճակը չի լուծվել խաղաղությամբ ու ներդաշնակությամբ, նա չի լինելու թիմում։ Դա ակումբի ղեկավարության որոշումն է»,- նշել է «Ատլետիկի» այն ժամանակվա գլխավոր մարզիչ Էդուարդո Բերիցոն։
««Ատլետիկը» մեծ ներդրում է կատարել նրա զարգացման համար և մեծ դեր է խաղացել, որպեսզի նա դառնա այն, ինչ այժմ կա։ Ռեմիրոն նորամուտը նշելու հնարավորություն ունի, սակայն չեմ կարծում, թե այժմ ինչ-որ բան փոխվել է»,- իր խոսքն է ասել նաև բասկյան ակումբի նախկին նախագահ Խոսու Ուրուտիան։
Կողմերի միջև այդպես էլ որևէ պայմանագիր չստորագրվեց, իսկ 2019 թ. ամռանն Ալեքս Ռեմիրոն դարձավ ազատ գործակալ, ինչից հետո նա որոշեց հեռու չգնալ և համալրեց «Ատլետիկի» հավերժ մրցակցի` «Ռեալ Սոսիեդադի» ճամբարը։
Այդ օրվանից Ռեմիրոն իրեն միայն լավագույն կողմերով է դրսևորել և «Ռեալ Սոսիեդադի» մեկնարկային կազմից բավական արագ դուրս թողեց հիմնական դարպասապահ Միգել Անխել Մոյային։
Բասկյան դերբին խաղադաշտից դուրս կարելի է համարել ամենաընկերականներից մեկը, սակայն միշտ չէ, որ ֆուտբոլիստները «Ատլետիկից» անմիջապես տեղափոխվում են «Ռեալ Սոսիեդադ» ու հակառակը։
Վերջին ժամանակների ամենաաղմկահարույց տրանսֆերներից մեկը եղել է 2018 թ. հունվարին, երբ Իսպանիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Ինիգո Մարտինեսը Սան Սեբաստիանից տեղափոխվեց Բիլբաո։ Այդ ժամանակ «Ատլետիկը» ակտիվացրեց նրա պայմանագրում առկա հրաժարագնի կետն ու նրան գնեց 32 մլն եվրոյի դիմաց։
Թիմերի միջև «ուղիղ» տեղափոխություններից կարելի է առանձնացել նաև Խաբիեր Կաստիլիոյի, Ինիգո Դիաս դե Սերիոյի (երկուսն էլ` 2009 թ.) և Գորկա Էլուստոնդոյի (2015 թ.) տրանսֆերները, ովքեր «Ռեալ Սոսիեդադից» տեղափոխվել են «Ատլետիկ»։
Հատկանշական է, որ «Ատլետիկի» լեգենդ Խոսեբա Էչեբերիան կարիերան սկսել է հենց «Ռեալ Սոսիեդադի» կազմում, որտեղից էլ 1995 թ. տեղափոխվել է Բիլբաոն ներկայացնող ակումբ։ Կարելի է առանձնացնել նաև «Ռեալ Սոսիեդադի» սան Ալեքս Պետքսառոմանին, ով 2021 թ. ամռանն ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կնքեց «Ատլետիկի» հետ։
Պետքսառոմանը երեք տարի «Լա Ռեալ» ակադեմիայում անցկացնելուց հետո և ակումբի գլխավոր թիմում նորամուտը չնշելուց հետո որոշեց հեռանալ։ Ինչպես տեսնում եք, ակումբների միջև «ուղիղ» տրանսֆերներն այնքան էլ շատ չեն, սակայն երբ դրանք տեղի են ունենում, բասկյան դերբին դարձնում են ավելի գրավիչ։
# Ատլետիկ Բիլբաո, Բասկյան դերբի, Լա լիգա, լալիգա, Ռեալ Սոսիեդադ