Հայտնի են դարձել այն երկրները, որոնք կպայքարեն ՉԼ եզրափակիչն անցկանցելու համար
Ինչպես եվրոպական բոլոր առաջնությունները, այնպես էլ եվրագավաթային մրցաշարերը, կորոնավիրուսի համաճարակի պատճառով մարտ ամսից անորոշ ժամանակով դադարեցվել են։
Ամենայն հավանականությամբ՝ մրցաշարը կշարունակվի օգոստսին, և հավանական է, որ այն կանցկացվի այլ ձևաչափով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈՒԵՖԱ-ն դիտարկում է մրցաշարն անցկացնել «չորսի եզրափակիչ» ձևաչափով, որն ավելի հայտնի է բասկետբոլային մրցաշարերից, երբ կիսաեզրափակիչ փուլից սկսած ակումբները տեղակայվում են նախօրոք որոշված կոնկրետ մի երկրում և խաղում են երեք օրը մեկ։ Այդպես անցակցվեց, օրինակ, 2020 թվականի Իսպանիայի սուպեր գավաթը, որը տեղի ունեցավ Սաուդյան Արաբիայում։
Նախորդ տարի որոշվել էր, որ ՉԼ 2019/20 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումն անցկացվելու է Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անվան «Օլիմպիական» մարզադաշտում, սակայն ՈՒԵՖԱ-ն կարծես թե մտադիր չէ մրցաշարի եզրափակիչ հատվածն անցկացնել Թուրքիայում, և մտադիր է այն անցկացնել համաճարակային առումով ավելի բարվոք վիճակում գտնվող երկրում։
Ինչպես տեղեկացնում է Bild-ը, այդ ձևաչափով մրցաշարն ընդունելու համար ՈՒԵՖԱ-ին հայտեր են ուղարկել Գերմանիան, Պորտուգալիան, ինչպես նաև Ռուսաստանը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ առումով Գերմանիան համարվում է ֆավորիտ, և հավանական է, որ խաղերը կանցկացվեն Հոֆֆենհայմ, Ֆրանկֆուրտ, Մայնց և Դարմշտադտ քաղաքներում։
Նշվում է, որ ՈՒԵՖԱ-ն այս ձևաչափով անցկացնելու համար պահանջում է, որ քաղաքներն միմյանցից հեռու լինեն ոչ ավելի, քան 100 կիլոմետրը։
# ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա