Հայկական ֆուտբոլը հոգեվարքում կամ ինչպես փրկել այն

Հայկական ֆուտբոլը հոգեվարքում կամ ինչպես փրկել այն

22/11/2019 - 22:38

Վերջին օրերին հայկական ֆուտբոլային աշխարհում ինչեր ասես տեղի չունեցան․ Աբրահամ Խաշմանյանը նշանակվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, սեփական հարկի տակ անատամ խաղով պարտվեցինք հույներին, նոյեմբերի 18-ին Պալերմոյում Իտալիայի հավաքականից կրեցինք հավաքականի պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը՝ 1։9, Աբրահամ Խաշմանյանը սկանդալային մամլո ասուլիս տվեց, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց, իսկ գործող գործկոմը ասպարեզից կհեռանա դեկտեմբերի 23-ին։ Այդ օրը կունենանք նաև ֆեդերացիայի նոր նախագահ և գործկոմ։ Ակնհայտ էր այն փաստը, որ Ռուբեն Հայրապետյանի հեռանալուց հետո, նոր ֆեդերացիան այդպես էլ չկարողացավ լուծել իր առջև դրված խնդիրների գոնե կեսի կեսը ու ակնհայտ է ևս մեկ իրողություն․ հայկական ֆուտբոլն ունի մեծ, շատ մեծ ռեստարտի կարիք։ Կլինենք անկեղծ․ մենք հավաքականի մասին խորհուրդներ, կարծիքներ հայտնելուց մի քիչ հոնգել ենք, բայց ներքևում գրված երկար-բարակ մտքերով փորձել ենք անդրադառնալ այն ամենին, ինչ կատարվել է անցնող 7 օրվա ընթացքում։

Վերջին օրերին շատ ակտուալ էր խոսել Աբրահամ Խաշմանյանի արտահայտություններից ու, ընդհանրապես, նրա կիրառած մարտավարության մասին։ Ինչպես գիտեք, մենք մարտավարությունից խոսել ենք ու ոչ միայն խոսել ենք, այլև հնարավորին չափով մեծ տեղ ենք տվել դրան։ Այո՛, այդ ամենին միշտ եղել է անդրադարձ, բայց այս օրերին լուռ էինք։ Երբ ժամանակին հավաքականը տակտիկական լուրջ թերացումներ ուներ, չգիտես ինչու, այդ մասին քչերն էին խոսում, անգամ շատերի մտքով չէր էլ անցնում, որ նման հասկացություն կա, որը կոչվում է տակտիկա, իսկ հիմա մարտավարությունից խոսելը մոդա է դարձել։

Սկսենք նրանից, որ ստեղծված իրավիճակում, որտեղ չես հասկանում, թե ով ում բարեկամն է, երբ շատերը փորձում են իրենց դիվիդենտները հավաքել, երբ ֆուտբոլիստները պարզապես չեն ուզում հանդես գալ նոր մարզչի ղեկավարությամբ, երբ այդ նույն մարզիչը չի կարողանում մոտեցումներ գտնել, որպեսզի ֆուտբոլսիտների հետ հասարակ կոնտակտ ստեղծի, երբ այդ նույն մարզիչը հրապարակավ այնպիսի արտահայտություններ է անում, որոնք, մեղմ ասած, անթույլատրելի են, երբ այդ նույն ֆուտբոլիստները իրենց վատ խաղը պատճառաբանում են` «Խաշմանյանին դեմ տալով», մարտի դաշտում չեն պայքարում ու կռվել չեն ուզում։

Էլ ի՞նչ տակտիկական հնարքների մասին է խոսքը, տղե՛րք։ Հարց է առաջանում․ դուք Խաշմանյանի համա՞ր եք խաղում, թե՞ մեր եռագույնի, հայրենիքի ու երկրպագուների։ Ի՞նչ մարտավարության մասին է խոսքը, երբ ֆեդերացիայի վերին օղակներում իսկական ոտակերություն էր գնում, երբ մեկը մյուսի տակն էր փորձում փորել, երբ այն երկու ճամբարի էր բաժանվել ու դարձել էր քաղաքական հարթակ։ Ստեղծված իրավիճակում անգամ ծիծաղելի է խոսել մարտավարության մասին։ Սա նույնն է, երբ մեռնող հիվանդին հարցնեն՝ ինչու՞ աշխատանքը լավ չես կատարում և դա այն դեպքում, երբ այդ մարդը անգամ քայլել չի կարողանում։ Երբ մարզիչն ու խաղացողները միմյանց հետ շփվել չեն ուզում, երբ ֆուտբոլիստները «վնասվածքներ» են ստանում, որպեսզի խուսափեն Խաշմանյանի գլխավորությամբ հանդես գալուց, այսքանից հետո էլ ի՞նչ 5 պաշտպանով խաղի մասին է խոսքը։

Ցավոք, կամ ի ուրախություն, թող ամեն մեկն իր համար որոշի, բայց Խաշմանյանի օրերը հավաքականում հաշվված են։ Աբրահամ Խաշմանյանին շատ ենք հարգում ու ընդունում որպես մասնագետ։ Հարգում ենք նրա ուղիղ խոսելու տեսակը, բայց իմանալով Խաշմանյանի հարաբերությունները ֆուտբոլիստների հետ, գտնում ենք, որ ի սկզբանե ֆեդերացիան նման քայլի չպետք է գնար․ հասկացե՛ք, Խաշմանյանն ու մեր ֆուտբոլիստները միմյանց հետ անհամատեղելի են, և ոչ թե այն պատճառով, որ նրանցից մեկը վատն է, այլ ուղղակի կյանքն է այդպես դասավորվել։

Այս իրավիճակում պետք էր գործել դիվանագիտորեն․ անհրաժեշտ էր հրավիրել եվրոպացի մասնագետի ու թեկուզ այդ նշանակումը լիներ ամիսներ հետո։ Օրինակ՝ նույն Կուրբան Բերդիեւին կամ Մարտին Օ’Նիլին, բայց այս մասին՝ հետո։ Այդուհանդերձ Աբրահամ Խաշմանյանն այս շիլաշփոթի մեջ ընդամենը էպիզոդ էր, անգամ միգուցե՝ զոհ, ով գիտակցաբար էր գնացել այդ քայլին։

Սակայն, մյուս կողմից էլ նրան դարձնել քավության նոխազ ոչ միայն սխալ է, անարդար ու միամիտ, այլև ծիծաղելի և ոչ կոմպետենտ։ Խաշմանյանը փորձում էր մարտավարական հեղափոխություն աներ այնպիսի մթնոլորտում, որտեղ նա իրավիճակին չէր տիարպետում, իսկ խաղացողները իրեն որեւէ կերպ չեն ընդունում, որտեղ անգամ, եթե ասես՝ արևը մեծ է, հնարավոր է, չհամաձայնեն քեզ հետ։ Բայց սա չէր էլ նշանակում, որ Խաշմանյանն իտալացիների առջև պետք է տղերքին նման երևույթներում մեղադրեր։ Կարելի էր առանձին զրուցել տղաների հետ, ինչպես տղամարդը տղամարդու հետ` նայելով ուղիղ աչքերին, իսկ այսպես մեր ներքին խոհանոցի խնդիրները հանրայնացրինք ու հերթական անգամ «չուզողի» բերանը լեզու դրեցինք։ Պարոնա՛յք, թիմն ընտանիք է, այսպես չի կարելի վարվել։

Այժմ հասկացանք, որ խնդիրը 3 պաշտպանի մեջ չէ․ ի՞նչ մարտավարություն, երբ տարրական հարգանք չկա այսպիսի մթնոլորտում։ Ինչ մարտավարություն էլ կիրառեր Խաշմանյանը, միեւնույնն է, անհաջողության էր դատապարված։ Այնպես, որ պետք չէ անընդհատ մարտավարական սխալները մեջբերել, մանավանդ ոչ կոմպետենտ տարբերակով և այս մոդելը անվանել «ավտոբուսային»։ Այս ամենը ծիծաղ է առաջացնում։

Հայաստանի հավաքականը վերջին երկու խաղերում «ավտոբուս» չի կիրառել, մոռացե՛ք այդ մասին։ Իրապես ֆուտբոլից հասկացողները լավ կիմանան, որ «կատենաչչոն» 3 պաշտպանով չի լինում։ «Կատենաչչոն», ի սկզբանե հնարվել է 2 կենտրոնական պաշտպանով խաղալու ու ամուր հենակետային գոտի ունենալու համար, բայց սա լրիվ այլ «կենաց է», լրիվ այլ քննարկման թեմա։

Այս իրավիճակում, հստակորեն կարելի է ասել , որ չկա մեկ մեղավոր։ Այդ մեղավորների քանակը անգամ մատների վրա հաշվել չենք կարող։ Սկսած ֆեդերացիայի ընտրած ռազմավարությունից, վերջացրած ֆեդերացիայի նախագահով ու գործկոմի անդամներով։ Սակայն այս ինֆորմացիոն հոսքի, տարատեսակ հիմնավոր ու անհիմն կարծիքների մեջ, մեկ շատ կարևոր և շատ նուրբ երևույթ վրիպեց և անուշադրության մատնվեց գրեթե բոլորի կողմից. Արթուր Վանեցյանը միակ մարդն էր, ով հարվածի ամբողջ ուժգնությունը իր վրա վերցրեց ու չվախեցավ դա անել մասայական ու բոլորի աչքերի առաջ, նա բացեիբաց ընդունեց, որ գլխավոր մեղավորը հենց ինքն է։

Ո՛չ խաղացողները, ո՛չ գլխավոր մարզիչը, ո՛չ գործկոմի անդամները այդ հարվածը իրենց վրա չվերցրին, իհարկե, բացառությամբ գործկոմի որոշ անդամների։ Որեւէ այլ անհատ չփորձեց անգամ կիսել այդ հարվածը։ Գեթ մեկ այլ մարդուց չլսեցինք, որ միգուցե ինքն էլ է թերացել ինչ-որ հարցերում, միգուցե ինքն էլ է նպաստել այս անմխիթար վիճակի խորացմանը, բայց այս ամենը թողնենք յուրաքանչյուրի խղճին։ Այժմ կասեք՝ Վանեցյանն այլ տարբերակ չուներ, մենք էլ կասենք՝ այո՛, միգուցե և ասողը իրավացի է, բայց համաձայնե՛ք, ոչ բոլորին է հատուկ հրապարակավ ընդունել իր մեղքը, իսկ «կռուտիտի» տարբեկաներ միշտ կան։

Մեր խնդիրը մեղավորներ փնտրելը չէ, երբ մեղավորներ փնտրողներ շատ կան, քավության նոխազներ որոնելու փոխարեն, կարելի է ավելի հայրենանվեր առաքելությամբ զբաղվել, ասել է թե, գտնել ու առաջարկել փակուղուց դուրս գալու ելքեր։ Ինչպես դասականն է ասում՝ համաձա՞յն չես՝ քննադատի՛ր,
քննադատո՞ւմ ես`առաջարկի՛ր, առաջարկո՞ւմ ես՝ կատարի՛ր, կատարո՞ւմ ես՝ տե՛ր եղիր: Մեկընդմիշտ հիշեք․ քանի դեռ մեկս մյուսին չենք հարգում, քանի դեռ ֆուտբոլը քաղաքականացնում ենք, քանի դեռ հավաքականը փորձարկումների դաշտ ենք դարձնում, քանի դեռ թիմային ոգի չունենք, քանի դեռ հետապնդում ենք մեր անձնական շահերը ու քանի դեռ չենք գնում զոհողությունների՝ հանուն վաղվա օրվա, հանուն գաղափարի, հանուն մանուկների, հանուն մեկս մյուսի, ֆուտբոլ չենք ունենալու ու ոչ միայն ֆուտբոլ։

Վերջերս, ինչպես ասաց մեր լավ ընկերներից մեկը, մեջբերում եմ․ «ոչ միայն ֆուտբոլը, այլեւ մյուս ոլորտները չեն աճելու, չեն զարգանալու, քանի դեռ, մենք մեր աշխատանքի վայրերում տարբեր սենյակներում ենք նստում, միմյանցից հեռվացած, միմյանցից կտրված, միմյանց դիրքային խավերի բաժանելով, մեկս մյուսի դեմ, ու որ ամենաահավորն է` մեկս մյուսի ետևից, գոտկատեղի ներքևից հարվածներ ենք կատարելու եւ բամբասանքներ ենք տարածելու։ Ֆուտբոլը չի զարգանալու, քանի դեռ չկա եղբայրական զգացում, բայց փոխարենը՝ մեկս մյուսի ոտքի ետևից ենք ընկած, քանի դեռ ուրախանում ենք կողքինի ձախողումներով, իսկ մեր անհաջողությունները փորձում ենք ծածկել ու նվաճման տեղ բրդել ու սրա հետ մեկտեղ չունենալ թիմային ոգի, այս ամենի պատճառով էլ մեզ հավերժական անդունդ է սպասվելու, չնայած մենք այժմ արդեն այդ անդունդի մեջ ենք ու հենց փորձում ենք դուրս գալ այնտեղից, մեջքի ետևից «քաշում» ու հետ են գցում»։

Հետաքրիքր է, իսկ երբևէ մտածե՞լ եք , որ այս ամենը մանուկներն ու երեխաներն են տեսնում` ամենամաքուր ու անաղարտ էակները, որոնց մենք տարիներ շարունակ կոտրում ենք, հավատացնում ենք ձեզ, այժմ հերթական սերունդը կործանվեց ու այդ սերունդին այլևս հետ չես բերի, այլևս չես փրկի։ Մենք երբեք ֆուտբոլ չենք ունենա, քանի դեռ ինչ-որ, մեղմ ասած, ոչ կոմպետենտ մարդիկ փորձում են գցել մեր հավաքականի ավագի անունը։ Կրկին քավության նոխազնե՞ր եք փնտրում, պարոնայք։ Չե՞ք հոգնել։ Կարո՞ղ եք այդ ամենը Հենոյի դեմքին նայելով ասել, այնուհետև այդ խոսքերի համար պատասխան տալ, թե՞ facebook-ում նյութեր գրելը, այնուհետև ջնջելն ավելի հեշտ է։ Այսքանից հետո ասում եք տակտիկա, 3 պաշտպան։ Մեզ՝ բոլորիս, խենթության հասնող «գաղափարի մեռած» հայերնասերներ են պետք, մարդիկ, ովքեր հեռու են քաղաքականությունից, ինչ-որ հկ-ներից ու ամբողջովին ֆուտբոլին են նվիրված, ովքեր աշխատանքի ավարտից հետո տուն չեն գնա և օր ու գիշեր կաշխատեն՝ հայակական ֆուտբոլը զարգացնելու համար։

Հայկական ֆուտբոլի հին տղերքի մեջ կան նման կադրեր, անուններ տալը պարզապես կոռեկտ չի հնչի: Տվայլ մարդուն վերջնաժամկետ՝ deadline պետք է տրվի, այնուհետև հաշվետվություն ներկայացնի երկրպագուներին, ու եթե այդ առաջին տարում տվյալ անհատը` այսինքն ֆեդերացիայի ապագա X նախագահը իրեն արդարացրած չլինի, թող իրերը հավաքի ու այլևս ֆուտբոլից հեռու մնա։

Հոգնել ենք դիլետանտներից, սպեկուլյանտներց, ֆիզրուկներից ու ոչ պրոֆեսիոնալ մարդկանցից։ Արձանագրենք կրկին` սերունդ կործանելը, արհեստական խնդիրներ առաջացնելը, հավասար է դավաճանության։ Հնին այլևս վերադարձ չի լինելու, իսկ նորում պետք է գերակշռեն հետևյալ գաղափարները․ հայրենասիություն, թիմային ոգի, ջերմ ընկերական մթնոլորտ, կարգապահություն, ռազմավարա-մարտավարական գործիքների գրագետ կիրառում ու պրոֆեսիոնալիզմ։ Հավաքականի մարզչի վերաբերյալ, անպայման, հետագայում կխոսենք, այժմ ավելի կարևոր ու խորքային թեմաներ կային։ Եթե կատարենք նշված բոլոր կետերը, սերունդներ կփրկենք, նրանց համար օրինակ կծառայենք և վերջապես` ֆուտբոլասեր հայ ժողովուրդն էլ իրեն կզգա 3 մետր երկնքի մակերևույթից վեր։ Ինչպես հայտնի մարդու հայտնի տողերն էին ասում՝ Կըկատարվի այդ ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սըրտեն։

Սիրե՛ք ֆուտբոլը, ապրե՛ք ֆուտբոլով․․․

Դավիթ Սահակյան

Միքայել Մելիքբեկյան

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023