Երազ իմ հավաքական, հոգսերդ շատ, հույսդ՝ մեծ․․․
Հայաստանի հավաքականը սկսեց պայքարն աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլում՝ 1-ին տուրի շրջանակում հյուրընկալվելիս 1։0 հաշվով հաղթելով Լիխտենշտեյնի ընտրանուն։
Հետխաղյա ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարց ուղղեց գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսին․
– Պարոն Կապառոս, ինչո՞ւ խաղը սկսցիք երկու հենակետայինով, իմանալով, որ Լիխտեյնշտեյնը քիչ է գրոհելու։
– Հիմա հեշտ է նման կարծիք արտահայտել, քանի որ հանդիպումը արդեն ավարտվել է,- իսպանացի մարզչի հակիրճ պատասխանը չուշացավ։
Հայաստանի հավաքական ի գլխավոր մարզիչը մասամբ է իրավացի, քանի որ առաջին խաղակեսից հետո, հասկանալով իր չափազանց զգույշ մարտավարությունը, Արտակ Գրիգորյանին փոխարինեց Ալեքսանդր Կարապետյանով։ Այս փոփոխությամբ հանդիպումը բաժանվեց երեք մասերի։
Առաջին մաս. (հանդիպում՝ երկու հենակետային կիսապաշտպանով)
Հայաստանի հավաքականը խաղադաշտ էր դուրս եկել 4-4-2 դասավորությամբ․
Հայաստանի հավաքական ի մարտավարությունը գրոհելիս գրոհելիս վերածվում էր 3-3-2-2 -ի․
Սա բավականին զգույշ մարտավարական դասավորություն էր, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Լիխտեյնշտեյնը խաղում էր գերպաշտպանողականա 5-3-2 տակտիկական դասավորությամբ։
Գրիգորյանը նահանջում էր պաշտպանական գոտի և Հարոյանի կամ Չալըշըրի հետ սկսում մեր գրոհը, որտեղ էլ մեր առաջին փոխանցման խնդիրը պարզապես աչք էր ծակում, և Լիխտեյնշտեյնի ֆուտբոլիստներն այդ ամենը հասկանալով, ուղղակի չէին խոչընդոտում Գրիգորյանին գնդակն առաջ շարժել։ Առաջին խաղակեսում , Բալեկյանը գտնվելով հարձակման գոտում, ոչ միայն հաճախակի էր հայտնվում խաղից դուրս իրավիճակում, այլև Բայրամյանի հետ նույն գոտում։ Այդ ամենը ոչ միայն ոչ երկար խաղացվածության խնդիր է, այլև՝ տակտիկական դասավորության։
Արգենտինական «Ատլետիկո Ուրականը», օրինակ, վերջին երեք հանդիպումներում դուրս է եկել տարբեր մարտավարական դասավորություններով (4-1-3-2, 4-3-3 և 4-4-2), բայց բոլոր դեպքերում էլ Բալեկյանը որպես «մաքուր» հարձակվող չի խաղացել։ «Ուրականում» Նորբերտոն խաղում է եզրում, բայց քանի որ այս խաղում հիմնական կազմում էր նաև Բայրամյանը, ում թիկունքից աջակցում էր Կամո Հովհաննիսյանը, Կապառոսի որոշումը լիովին հասկանալի էր։ Զարմանալի չի լինի, եթե Իսլանդիայի դեմ խաղում Բալեկյանը խաղա արդեն եզրում։
Երկրորդ մաս (Արտակ Գրիգորյանին փոխարինում է Ալեքսանդր Կարապետյանը)
Այս փոփոխությամբ Խոակին Կապառոսը միանգամից մի քանի խնդիր լուծեց․ նախ վերջ տվեց ավելորդ զգուշավորությանը, և եզրերից կատարված փոխանցումները տուգանային հրապարակ ավելի նպատակային էին , քանի որ արդեն հստակ կենտրոնական հարձակվող կար այնտեղ, և բացի այդ, թվաքանակի առումով էլ մերոնք մեկ ֆուտբոլիստ ավելացրեցին մրցակցի տուգանային հրապարակում։
Հատկանշական է, որ առաջին խաղակեսեց հետո մեր մարզիչը անմիջապես հասկացել էր, որ կարելի է ճնշում գործադրել հակառակորդի ձախ պաշտպանության թևի վրա՝ առաջ նետելով Հովհաննես Համբարձումյանին, ով պարզապես փայլուն հանդիպում անցկացրեց։ Հովոն ողջ հանդիման ընթացքում 2 անգամ կասեցրել է հակառակորդի գրոհենրը, 4 անգամ խլել է գնդակը (լավագույն ցուցանիշը բոլոր ֆուտոլիստների շրջանակում) դրիբլինգի երեք փորձերից երեքն էլ հաջողությամբ է պսակել (նույնպես լավագույն ցուցանիշը խաղադաշտում), անհատական 13 մենապայքար է ունեցել, որոնցից 11-ում հաղթող է դուրս եկել։ (լավագույն ցուցանիշը խաղադաշտում)։ Իրապես ֆանտաստիկ մրցելույթ, որը չվրիպեց նաև հեղինակավոր Whoscoerd վիճակագրական կայքի կողմից՝ Համբարձումյանին տալով ամենաբարձր՝ 8․64 գնահատականը։ Հովոն, Whoscoerd-ի կողմից, ընդգրկվեց նաև 1-ին տուրի խորհրդանշական հավաքականում։
Երրորդ մաս․ (64-րդ րոպե․ Բալեկյանին փոխարինում է Արթուր Միրանյանը)
Հասկանալով, որ Լիխտեյնշտեյնը ամբողջ կազմով սեղմվել է տուգանային հրապարակում և պաշտպանությունը պահում է թվաքականի հաշվին, Խոակին Կապառոսը դիմում է հաջորդ փոփոխությանը, որը միտված էր էլ ավելի ուժեղացնելու ճնշումը ձախ թևի վրա և հանդիպման 64-րդ րոպեին Բալեկյանին փոխարինում է Արթուր Միրանյան, ով տեղափոխվում է հարձակման աջ կողմ, ինչից հետո մեր հարձակման սենսորային քարտեզը 64-րդ րոպեից հետո ստանում է հետևյալ պատկերը․
Այս փոփոխոությունը միտված էր քանակական առավելություն ստանալ հարձակման աջ թևում, ինչն էլ տվեց արդյունք։
Ամենավտաանգավոր գրոհները հենց այդ եզրից էին ծնվում։ Աջից է եղել և՛ վտանգավոր փոխանցումները դեպի Կարապետյանը, և՛ Բարսեղյանի գեղեցիկ հարվածը, ինչից հետո մրցակցի դարպասապահը մեծ դժվարությամբ փրկեց իր թիմին, և՛ վերջապես՝ այդ եզրում մեր ֆուտբոլիստները վաստակեցին տուգանային հարվածի իրավունք, որի իրացումից հետո ծնվեց այդքան բաղձալի երեք միավորանոց գոլը։
Հանդիպման ժամանակ հստակ երևում էր, որ մենք ենթահարձակվողի դիրքի խնդիր ունենք։ Հենրիխ Մխիթարյանի բացակայության պայմաններում պետք է որևէ մեկն իր վրա վերցնի գոնե խաղարկողի դերը։
Հաճախակի գրոհելիս ուղղակի մեծ «բաց» էր մնում հակառակորդի տուգանայինի մատույցներում , որը, ցավոք, ոչ ոք չէր լրացնում։ Ազատ գոտիները օգտագործել է պետք, առանց գնդակ տեղաշարժը ավելի կարևոր է, քան գնդակով։ Մի առիթով հանճարեղ Յոհան Կրոյֆն ասել է․ «Ֆուտբոլիստը խաղի ընթացքում գնդակով լինում է միջինում 20-25 րոպե․ ինձ ավելի հետաքրքիր է, թե նա ինչ է անում առանց գնդակի ժամանակահատվածում»։
Լիխտեյնշտեյնի հետ հանդիպումը կարող էր այլ կերպ ավարտվեր, և եթե մենք ցանկանում ենք մրցաշարային աղյուսակում բարձր դիրք զբաղեցնել, ապա, միանշանակ, նման խաղը բավարար չէ։ Մեր խմբում ընդգրկված ոչ մի թիմ Լիխտեյնշտեյնի պես շռայլորեն գոլային պահեր մեզ չի պարգևելու , պետք օգտագործել առավելագույնս։
Հաջողություն ենք ցանկանում մեր հավաքականին հաջորդ հանդիպումներում։
Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով !!!
Կարեն Պողոսյան
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Ալեքսանդր-Կարապետյան, Արթուր Միրանյան, Արտակ Գրիգորյան, Լիխտենշտեյն-Հայաստան, Խոակին Կապարոս, Հայաստանի-հավաքական, Հովհաննես-Համբարձումյան, Նորբերտո Բրիասկո Բալեկյան, Տիգրան-Բարսեղյան