Հայաստանի հավաքականն օտարերկրացի նորեկ կունենա 🎥
Եղիշե Մելիքյանը ֆուտբոլային մեկնաբան Կարեն Ռաֆայելյանի փոդքաստում հայտնել է, որ «Արարատ-Արմենիայի» պաշտպան Խուլիո Բուենոն կհրավիրվի Հայաստանի ազգային հավաքական։
«Աշխարհի տարբեր հավաքականներ միշտ ունենում են նատուրալիզված խաղացողներ։ Դա նորմալ պրակտիկա է։ Նորմալ է, երբ անձնագիր ես ստանում և հրավիրվում որևէ հավաքական։ Հայաստանի հավաքականում նման խաղացողներ միշտ եղել են, բայց նման քայլը պետք է հիմք ունենա, այլ ոչ թե պարզապես հրավեր լինի։
Մենք երիտասարդ, շատ լավ պաշտպաններ ունենք, որոնք մեր ապագան են։ Նրանք, սակայն, դեռ շատ երիտասարդ են` թիմին անդադար օգնելու համար։ Նրանց դեռ 2-3 տարի հարկավոր է հավաքականի հիմքը դառնալու համար։
Բուենոյին չեմ հրավիրում, որ Սերգեյ Մուրադյանը կամ Ստյոպա Մկրտչյանը չխաղան, այլ պահեստայինների նստարանին հարկավոր է այնպիսի ֆուտբոլիստ, որը ցանկացած պահի դուրս կգա խաղադաշտ ու կկատարի ստացած առաջադրանքը։
Բուենոն փորձառու է, 29 տարեկան է։ Նա «երկրորդ հարկում» կարող է օգտակար լինել, քանի որ բարձրահասակ է և շատ արագաշարժ։ Կարճ ասած` մեզ նման խաղացող է հարկավոր։
Պատկերացնենք` Մուրադյանը կամ Մկրտչյանը վնասված են ստացել, ո՞վ պետք է խաղա։ Բուենոյից բացի, այլ խաղացող չկա»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչը։
Խուլիո Բուենոն Վբեյմար Անգուլոյից և Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատից հետո կդառնա երրորդ կոլումբացի ֆուտբոլիստը, որը հրավիրվել է Հայաստանի հավաքական։
29-ամյա կենտրոնական պաշտպանն արդեն 5 տարուց ավելի է խաղում է «Արարատ-Արմենիայում» և, ՖԻՖԱ-ի կանոնադրության համաձայն, իրավունք ունի փոխել մարզական քաղաքացիությունը։
Բուենոն «Արարատ-Արմենիայում» 144 խաղում խփել է 3 գոլ, կատարել 5 ասիստ, դարձել Հայաստանի գավաթիր։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մարտի 26-ին հյուրընկալվելիս ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի հետ, իսկ մարտի 29-ին Երևանում կմրցի Բելառուսի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքական, Արարատ-Արմենիա, Բելառուսի հավաքական, Եղիշե Մելիքյան, ընկերական-հանդիպումներ, Խուլիո Բուենո, Հայաստան - ԱՄԷ, Հայաստան - Բելառուս, Հայաստանի-հավաքական