Հայաստանի հավաքականն ընկերական խաղում պարտվեց Շվեդիային🎥

Հայաստանի հավաքականն ընկերական խաղում պարտվեց Շվեդիային🎥

06/06/2021 - 00:32

Հայաստանի հավաքականը Սոլնայի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Շվեդիայի ընտրանու դեմ։

Հանդիպման հենց մեկնարկից «տրե կունիրի» ֆուտբոլիստները հսկայական առավելություն ունեին և անդադար ճնշում էին գործադրում մեր պաշտպանության վրա։ Ի վերջո, 16-րդ րոպեին նրանց հաջողվեց բացել խաղի հաշիվը. Էմիլ Ֆորսբերգի իրացրած տուգանային հարվածից հետո մեր դարպասապահ Դավիթ Յուրչենկոն անհաջող գործեց, ինչից հետո գնդակը հայտնվեց Հայաստանի հավաքականի դարպասում։

Ցավոք, բաց թողած գոլից հետո էլ պատկերը չփոխվեց. շվեդներն անդադար գրոհում էին, ինչին գումարվեց նաև մեր ֆուտբոլիստների անհատական սխալները, ինչից էլ օգտվեցին տանտերերը` 34-րդ րոպեին կրկնապատկելով հաշվի տարբերությունը. Ֆորսբերգի իրացրած անկյունային հարվածից հետո աչքի ընկավ Մարկուս Դանիելսոնը։

39-րդ րոպեին կարող էր երրորդ գնդակը հայտնվել Հայաստանի հավաքականի դարպասում։ Անդրե Չալըշըրը սեփական տուգանային հրապարկում ձեռքով խաղաց, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Մաթիաս Գեստրանիուսը նշանակեց 11-մետրանոց հարված, սակայն Սեբաստիան Լարսոնի հարվածից հետո փայլեց Դավիթ Յուրչենկոն` ուղղելով առաջին գոլի դրվագում իր սխալը։

Այդ դրվագում շվեդներն անկյունային հարվածի իրավունք վաստակեցին, որի իրացումից հետո աչքի ընկնելուն մոտ էր Վիկտոր Լինդելյոֆը, սակայն կրկին հիանալի գործեց Յուրչենկոն։

Առաջին կեսում Խոակին Կապառոսի սաները բացարձակ ոչնչով աչքի չընկան, կատարեցին միայն 2 հարված, որոնք փակվել են մրցակցի պաշտպանների կողմից, իսկ կողմերն ընդմիջման գնացին Շվեդիայի` երկու գնդակի առավելության պայմաններում։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում, ճիշտ է, Յանե Անդերսոնի սաներն ունեին տարածքային առավելություն, սակայն նրանք տեմպով չէին գրոհում, ինչ առաջին կեսում։

Այդ պասիվությունից օգտվեցին մետ տղաները և 63-րդ րոպեին կրճատեցին հաշվի տարբերությունը. Կամո Հովհաննիսյանը հարվածային դիրք դուրս բերեց Վահան Բիչախչյանին, ով երկրորդ փորձից գրավեց Ռոբին Օլսենի պաշտպանած դարպասը։

Հավելենք, որ Բիչախչյանը Հայաստանի հավաքականի կազմում խփեց իր առաջին գոլը։

Մեր տղաների խփած գոլից հետո խաղը սկսեց ընթանալ փոխնիփոխ գրոհներով. թե՛ Հայաստանի հավաքականը, թե՛ շվեդները կարող էին հաշվի մեջ փոփոխություն մտցնել, սակայն կողմերը վրիպեցին նպաստավոր դիրքերից։

Ամեն դեպքում, տանտերերը 84-րդ րոպեին երրորդ գնդակն ուղարկեցին Յուրչենկոյի դարպասը, իսկ գոլի հեղինակ դարձավ Մարկուս Բերգը։

Խաղում այլևս գոլեր չտեսանք, իսկ Շվեդիայի հավաքականը հաղթեց 3:1 հաշվով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023