Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Թուրքիայից 🎥
Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում D խմբի շրջանակում մրցեց Թուրքիայի դեմ։
Հանդիպման մեկնարկում կողմերը բավական լարված տեսք ունեին, սակայն Հայաստանի հավաքականը կարողացավ շատ արագ բացել հաշիվը։
10-րդ րոպեին Ալեքսանդր Պետրակովի թիմը կայծակնային հակագրոհ զարգացրեց, ինչի արդյունքում Օզան Կաբակը գրավեց սեփական դարպասը` դառնալով ինքնագոլի հեղինակ։
Բաց թողած գոլեից հետո թուրքերն անմիջապես տիրեցին նախաձեռնությանը և նախքան ընդմիջում խփեցին պատասխան գոլը. 35-րդ րոպեին հեռահար հարվածով աչքի ընկավ Օրկան Կյոկչուն։
Կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։
Երկորդ կեսի մեկնարկում շատ ավելի ակտիվ էին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները, սակայն 64-րդ րոպեին մեր տղաները պաշտպանությունում անփույթ բացթողում թույլ տվեցին, ինչից էլ օգտվեցին թուրքերը և առաջ անցան հաշվի մեջ. գոլի հեղինակ դարձավ Կերեմ Ակթյուրքօղլուն։
Խաղավերջում տանտերերն ունեին որոշակի խաղային առավելություն և ստեղծեցին երկու իրական գոլային պահ։
Հիշատակման է արժանի հատկապես Նորբերտո Բրիասկո Բալեկյանի դրվագը, երբ հայազգի հարձակվողի հարվածից հետո թուրքերին փրկեց դարպասապահ Մերթ Գյունոկը։
Ցավոք, ավելին անել Հայաստանի հավաքականին չհաջողվեց` պարտվելով 1:2 հաշվով։
Հավելենք, որ այս խմբում կայանալու է ևս մեկ հանդիպում.
Խորվաթիա – Ուելս
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Պետրակով, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Կերեմ Ակթյուրքօղլու, Հայաստան - Թուրքիա, Հայաստանի-հավաքական, Շտեֆան Կունց, Օզան Կաբակ, Օրկան Կյոկչու