Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Շվեյցարիարում
Ինչպես գիտեք, Հայաստանի հավաքականը մեկնել է Շվեյցարիա՝ Սեն Գալեն քաղաք՝ պատրաստվելու մարտի 25-ին աշխարհի 2022 թ․ առաջնության որակավորման փուլի 1-ին տուրի Լիխտենշտեյնի դեմ հանդիպմանը։
Ինչպես տեղեկացնում է Հայաստնաի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մեր հավաքականը Խոակին Կապառոսի գլխավորությամբ մարտի 22-ին Շվեյցարիայում անցկացրել է իր առաջին մարզումը, որը տեղի է ունեցել Ուցվիլ քաղաքի մարզումային համալիրում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հավաքականի մարզմանը մասնակցել է 25 ֆուտբոլիստ։ Չվերթների ուշացման պատճառով Գևորգ Ղազարյանը և Հովհաննես Համբարձումյանը չէին հասցրել ժամանել Սեն Գալեն մինչ մարզումը:
Բոլոր ֆուտբոլիստները, բացի Վբեյմար Անգուլոյից, Նորբերտո Բրիասկո Բալեկյանից և Հակոբ Հակոբյանից մարզման մի մասն անցկացրել են անհատական ծրագրով՝ ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոյի և ֆիզիոթերապևտ Պաբլո Լյանեսի վերահսկողությամբ։
Հակոբ Հակոբյանը և Վբեյմար Անգուլոն մի քանի օր առաջ են ապաքինվել վնասվածքից, իսկ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը երկարատև թռիչքից հետո մարզվում էր ավելի խնայողական ռեժիմով:
Մարզումից հետո կայացած երկկողմանի հանդիպման ժամանակ մի շարք ֆուտբոլիստներ փորձարկվեցին տարբեր դիրքերում, մարզիչները դիտարկեցին տակտիկական տարբեր սխեմաներ:
Մարտի 23-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ևս մեկ մարզում Ուցվիլի խաղադաշտում:
Հիշեցնենք, որ Լիխտենշտեյն – Հայաստան հանդիպումը կայանալու է Վադուցում՝ «Ռեյնպարկ» մարզադաշտում՝ Երևանի ժամանակով 23։45-ից սկսած։
Հ․Գ․ Տեսանյութը՝ ՀՖՖ մամուլի ծառայության․
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Գևորգ-Ղազարյան, Լիխտենշտեյն-Հայաստան, Լիխտենշտեյնի հավաքական, Խոակին Կապարոս, Հակոբ Հակոբյան, Հայաստանի-հավաքական, Հովհաննես-Համբարձումյան, ՀՖՖ, Նորբերտո Բրիասկո Բալեկյան, Վբեյմար Անգուլո