Հայաստանի հավաքականը չի մեկնի Ֆինլանդիա` մասնակցելու ԱԱ-2024-ի էլիտ ռաունդի վերջին հանդիպմանը
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի ֆուտզալի հավաքականը չի մեկնելու Ֆինլանդիա` մասնակցելու ԱԱ-2024-ի որակավորման էլիտ ռաունդի 6-րդ տուրում կայանալիք հանդիպմանը.
«Հարգելի ֆուտբոլասերներ,
Դեկտեմբերի 20-ին պետք է կայանար Ֆուտզալի Աշխարհի առաջնության էլիտ ռաունդի 6-րդ մրցափուլի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը:
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի հավաքականը չի մեկնելու Ֆինլանդիա՝ անցկացնելու մրցաշարի վերջին հանդիպումը: ՀՖՖ-ն նման որոշում է կայացրել՝ հաշվի առնելով բրազիլացի ֆուտզալիստների շուրջ ստեղծված իրավիճակը:
Ինչպես հայտնի է, ֆուտզալում տասնյակ տարիներ ի վեր բազմաթիվ ուժեղ հավաքականների կազմերում հանդես են գալիս բրազիլացի խաղացողներ: Ֆուտբոլում և ֆուտզալում գործում է օրենք, ըստ որի այլազգի խաղացողները կարող են հանդես գալ տվյալ երկրի հավաքականում, եթե այդտեղ ապրել և խաղացել են վերջին 5 տարիների ընթացքում: Չնայած դրան՝ ֆուտզալում երկար ժամանակ ուշադրություն չի դարձվել վերոնշյալ օրենքի կիրառմանը, և ֆուտզալի զարգացման նպատակով աչք է փակվել այն բրազիլացիների վրա, որոնք 5 տարի չեն խաղացել տվյալ երկրում, սակայն, քաղաքացիություն ստանալով, հանդես են եկել տարբեր երկրների հավաքականների կազմերում:
Նման ֆուտզալիստներով համալրված թիմերը հանդես են եկել խոշոր մրցաշարերում և բարձր տեղեր զբաղեցրել:
Այս անգամ, սակայն, հիմնվելով էլիտ-ռաունդի խմբում մեր մրցակից երկրների՝ Պորտուգալիայի և Ֆինլանդիայի բողոքների վրա, ՈՒԵՖԱ-ն, ուսումնասիրել է ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի հավաքականի կազմում հանդես եկող բրազիլացի ֆուտբոլիստների՝ այդ թիմերում խաղալու իրավասությունը և տեխնիկական պարտություններ է գրանցել երկու երկրների հավաքականներին Պորտուգալիայի և Ֆինլանդիայի հետ խաղերում: Բողոք է ներկայացվել նաև Ռումինիայի հավաքականի դեմ:
Ինչպես ՀՖՖ-ն, այնպես էլ ՎՖՖ-ն բողոքարկել են այդ որոշումները և հարցը բարձրացրել են ՈՒԵՖԱ-ի Ֆուտզալի կոմիտեում: Հայաստանի ներկայացուցիչը Կոմիտեի նիստին առաջարկել է, որ բոլոր ֆուտբոլիստները, ովքեր արդեն իսկ խաղացել են հավաքականների կազմերում մինչև վերոնշյալ բողոքը, իրավունք ունենան շարունակել ելույթներն իրենց ընտրանիների կազմերում, իսկ նմանատիպ որոշումը տարածվի միայն այն խաղացողների վրա, ովքեր հավաքական կհրավիրվեն 2024 թ. հունվարի 1-ից: ՀՖՖ ներկայացուցիչն ընդգծել է, որ բողոքների շարունակական լինելու դեպքում վտանգված է լինելու ֆուտզալի ապագան:
Այդ առաջարկին սատարել են մի շարք ֆեդերացիաներ, և այժմ սպասում են համապատասխան որոշման կայացմանը: Հենց այդ պատճառով ՀՖՖ-ն որոշել է չմասնակցել վերջին հանդիպմանը, քանի որ տվյալ հարցով որոշում դեռ չկա»,- նշված է ՀՖՖ տարածած պաշտոնական հայտարարության մեջ։
# ԱԱ-2024-ֆուտզալ, Հայաստանի ֆուտզալի հավաքական, ՀՖՖ, ֆուտզալ