Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն. հայկական ֆուտբոլի նոր ձեռքբերումներից մեկը
Աստիճանաբար հունի մեջ է մտնում Հայաստանի Բարձրագույն խմբի 2019-20 թ. առաջնությունը: 10 թիմերով երկրի ֆուտբոլային գլխավոր մրցաշարը մեծ անակնկալներ ունի:
3 չբոլորվաշծ տուրից հետո մի բան հստակ է. նախորդ տարիների համեմատ մեր առաջնությունը մեծ առաջընթաց է գրանցել: Լեգիոներները ավելի բարձրակարգ են, քան նախկինում, իսկ խաղերն իրապես առավել դիտարժան են:
3-րդ տուրում «Արարատը» 4:1 հաշվով հաղթեց «Փյունիկին»: Սա խոսում է այն մասին, որ առաջնությունը նաև անչափ անկանխատեսելի է. «Փյունիկը» 4 գոլ բաց է թողնում «Վուլվերհեմփթոնից»… և «Արարատից»: Այն, որ Բարձրագույն խմբում հաղթելը հեշտ չէ, դա միանշանակ փաստ է: Մեկնարկը ցույց է տալիս նաև, որ չկա ընդգծված հետնապահ:
Ֆավորիտների մասին
Չեմպիոնության համար պայքարը լինելու է անասելի լարված: Իհարկե, ֆավորիտների մասին մտածելիս առանձնանում են «Արարատ-Արմենիան» և «Փյունիկը»: Այսօր Հայաստանում այս թիմերը կարող են «ֆուտբոլային եղանակ» ստեղծել:
Անակնկալներ միանշանակ լինելու են: Իսկական հայտնություն կարող է դառնալ անվանափոխված «Նոան», որը կարող է իրեն թույլ տալ մեծ նպատակներ հետապնդել: Դեռևս չի փայլում Բարձրագույն խմբի նորեկ «Երևանը»: Հայ ֆուտբոլիստներով համալրված «Գանձասար-Կապանը» ևս ասելիք կունենա: Փոքր-ինչ հարցեր կան «Ալաշկերտի» շուրջ. արագ համալրվել է պետք:
Մեծ հայտնություն է նաև «Արարատը». ամբողջովին կերպարանափոխված հայկական ամենաանվանի ակումբը 3 հաղթանակ է տարել նույնքան խաղերում: Այսպիսի մեկնարկ վերջին տարիների հետնապահը երկար ժամանակ է չի ունեցել:
Մեկնարկի ամենամեծ հիասթափությունը առաջացրել է նույնպես անվանափոխված «Բանանցը»՝ «Ուրարտուն». 3 խաղ, նույնքան պարտություն… Ֆայզուլինին և առհասարակ՝ «ուրարտական» ակումբի ղեկավարությանը հարցերը շատ-շատ են:
Հետևեք Հայաստանի առաջնությանը, այն խոստանում է հետաքրքիր լինել…
լուսանկարը՝ ՀՖՖ-ի
# Բարձրագույն-խումբ, Հայաստանի-առաջնություն, հայկական-ֆուտբոլ