Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզումները
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականը սկսել է մարզումները ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այսօր կայացած առաջին մարզմանը մասնակցում էին 12 ֆուտբոլիստներ՝ դարպասապահներ Արսեն Բեգլարյանը և Անատոլի Այվազովը, պաշտպաններ Արման Հովհաննիսյանը, Հրայր Մկոյանը և Դավիթ Տերտերյանը, կիսապաշտպաններ Տիգրան Բարսեղյանը, Սոլոմոն Իմե Ուդոն, Վբեյմար Անգուլոն, Ժիրայր Շաղոյանը, Արտյոմ Ավանեսյանը և Էրիկ Վարդանյանը, հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը:
Դավիթ Յուրչենկոն ներկա էր մարզմանը, սակայն առայժմ չէր մարզվում: Դավիթ Յուրչենկոյի՝ առաջիկա հանդիպումներին մասնակցելու հարցը հայտնի կդառնա բժշկական մանրակրկիտ հետազոտության արդյունքներից հետո:
Արտակ Գրիգորյանը և Տարոն Ոսկանյանը չէին մասնակցում մարզմանը, քանի որ «Ալաշկերտի» կազմում նախապատրաստվում են այսօր կայանալիք «Ալաշկերտ»-«Ռեյնջերս» հանդիպմանը:
Կամո Հովհաննիսյանը և Իշխան Գելոյանը հավաքականին կմիանան օգոստոսի 27-ին, իսկ Խորեն Բայրամյանը, Էդուարդ Սպերցյանը և Դավիդ Դավիդյանը՝ օգոստոսի 28-ին: Մնացած բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ Վարազդատ Հարոյանի, կմիանան ազգային հավաքականին օգոստոսի 30-ին՝ Սկոպյեում: Հաշվի առնելով, որ Վարազդատ Հարոյանը բաց է թողնելու Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպումը՝ նա հավաքականին կմիանա սեպտեմբերի 2-ին՝ Սկոպյեում:
Ազգային հավաքականը Սկոպյե կմեկնի չարտերային ուղերթով՝ օգոստոսի 30-ի առավոտյան: Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 2-ին:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Դավիթ Յուրչենկո, Հայաստանի-հավաքական, Հյուսիսային Մակեդոնա-Հայաստան, ՀՖՖ, Վարազդատ Հարոյան