Հալանդը  Բորուսիայի համար չեմպիոնական հույսեր է պահում, Վերդերը կենդանության նշույլ է ցույց տալիս?

Հալանդը Բորուսիայի համար չեմպիոնական հույսեր է պահում, Վերդերը կենդանության նշույլ է ցույց տալիս?

13/06/2020 - 20:07

Գերմանական Բունդեսլիգան կամաց-կամաց մոտենում է ավարտին։

Չեմպիոնի տիտղոսի համար պայքարող «Բորուսիա Դորտմունդը» վերջին ճիգերն է գործադրում, որպեսզի մնա պայքարում։ 31-րդ տուրի շրջանակում Լուսիեն Ֆավրի թիմը հյուրընկալվել էր հետնապահների թվում ընթացող «Ֆորտունդա Դյուսելդորֆին», որը պայքարում է տեղը գլխավոր Բունդեսլիգայում պահպանելու համար։

Առաջին խաղակեսը մեծամասամբ անցավ «դեղինների» առավելությամբ, սակայն այդպես էլ չկարողացան բացել հաշիվը։ Աչքի ընկնելու հիանալի հնարավորություն ուներ հատկապես Տորգան Ազարը, երբ մեն-մենակ էր մնացել դարպասապահի դիմաց, սակայն չկարողացավ հաղթող դուրս գալ այդ մենապայքարում։

Երկրորդ խաղակեսն ավելի հետաքրքիր և փոխնիփոխ գրոհների ներքո անցավ։ 65-րդ րոպեին Ռաֆայել Գերեյրոն բացեց խաղի հաշիվը, սակայն հանդիպման գլխավոր մրցավարը դորտմունդյան ակումբի խփած գնդակը չեղարկեծ՝ արձանագրելով ձեռքով խաղ։

82-րդ րոպեին Դյուսելդորֆը ներկայացնող ակումբը կարող էր հաղթանակ կորզել, սակայն Սթիվեն Սկիջբսկու հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայց դարպասաձողին։

Երբ թվում էր խաղը կավարտվի գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով, «Բորուսիային» հաջողվեց 90+5-րդ րոպեին հաղթանակ կորզել։ Հանդիպման վերջին գրոհներից մեկի ժամանակ գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Էրլինգ Հալանդը՝ գլխով եզրափակելով Մանուել Ականջիի բարձրից կատարած փոխանցումը։ Նորվեգացի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում Բունդեսլիգայի շրջանակում խփեց իր 11-րդ գնդակը։

Այսպիսով, «Բորուսիան» դեռևս չեմպիոնական պայքարում է։ Դորտմունդյան ակումբը վաստակեց 66 միավոր և առաջնության ավարտից երեք տուր առաջ 4 միավորով զիջում է առաջատար «Բավարիային»։ Մյունխենյան ակումբին չեմպոին դառնալու համար բավարար կլինի վաստակել ևս 6 միավոր։ «Բավարիան» իր հանդիպումը կանցկացնի քիչ անց՝ 20։30՝ մրցելով «Բորուսիա Մյունխենգլադբախի» դեմ։

«Ֆորտունան» մնաց 28 միավորով և բարդացրեց իր իրավիճակը, քանի որ «Վերդերը» այս տուրում հաղթեց հետնապահ «Պադերբորնին»՝ միավորների քանակով հավասարվելով Դյուսելդորֆը ներկայացնող ակումբին։ Կողմերը կիսում են 16-17-րդ հորիզոնականները։

Ինչպես նշեցինք, «Վերդերը» հյուրընկալվելիս հաղթեց առաջնության հետնապահ «Պադերբորնին» և փրկության հույսեր է փայփայում։

Խաղն ավարտվեց 1։5 հաշվով։ Բրեմենյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Դեվի Կլասենը, մեկական անգամ էլ աչքի ընկան Յույա Օսական, Մաքսիմիլիան Էգշտայնը և Նիկոլաս Ֆուլկրուգը։ Տանտերերի կազմում միակ գոլը խփել է Աբդելհամիդ Սաբիրին։ Նշենք, որ խաղի 18-րդ րոպեին հյուրերի կազմում 0։0 հաշվի ժամանակ Միլոտ Ռաշիցան չի կարողացել հստակ իրացնել 11 մետրանոց հարվածը։

Վերևում արդեն նշեցինք, որ «Վերդերը» նույնպես վաստակեց 28 միավոր և «Ֆորտունայի» հետ պայքարում է 16-րդ հորիզոնականի համար, որը հնարավորություն է տալիս անցումային խաղեր անցկացնել Երկրորդ Բունդեսլիգայի շրջանակում երրորդ հորիզոնականը զբաղեցրած ակումբի հետ։

«Պադերբորնը» մնաց 20 միավորով՝ եզրափակելով մրցաշարային աղյուսակը։

Կայացած մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները․

«Հոֆֆենհայմ» 0։2 «Լայպցիգ»

«Վոլֆսբուրգ» 2։2 «Ֆրայբուրգ»

«Քյոլն» 1։2 «Ունիոն Բեռլին»

«Հերտա» 1։4 «Այնտրախտ»

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023