Աղբյուր․ «Ռոնալդուն ցանկանում է վերադառնալ Ռեալ, որպեսզի կրկին հաղթի ՉԼ-ն»
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն , ամենայն հավանականությամբ, կլքի թուրինյան ակումբի շարքերը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ինչպես հաղորդում է As-ը, պորտուգալացին շատ է ցանկանում վերադառնալ «Ռեալ»։ Բանն այն է, որ 36-ամյա հարձակվողը ցանկանում է ևս մեկ անգամ նվաճել ՉԼ-ի գավաթը։
Հայտնի է, որ Կրիշտիանուն հետևում է «Ռեալի» շուրջ իրադարձություններին և կարծում է, որ մադրիդյան ակումբի ներկայիս կազմը մեծ ներուժ ունի։
Հղում անելով «Յուվենտուսի» իր աղբյուրներին՝ As-ը գրում է, որ «բիանկոներիների» ղեկավարությունը խոչընդոտներ չի ստեղծի տրանսֆերի իրականացման հարցում, եթե «Ռեալը» հետաքրքրություն ցուցաբերի հարձակվողի հանդեպ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ պորտուգալացի ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը «արքայական» ակումբի ներկայացուցիչների հետ արդեն քննարկել է Ռոնալդուի՝ հավանական վերադարձի տարբերակը։
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալի» կազմում հանդես է եկել 2009-2018 թվականներին, որի մարզաշապիկով անցկացրել է 438 խաղ՝ դառնալով 450 գոլի և 132 գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև նվաճել է 17 տիտղոս՝ այդ թվում 4 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր։ Ռոնալդուն մադրիդյան ակումբի պամտության լավագույն ռմբարկուն է։
Կրիշտիանուն «Յուվենտուս» է տեղափոխվել հենց «Ռեալից» 2018 թվականի հուլիսի 10-ին 117 մլն եվրոյի դիմաց։ Մինչ այս պահը նա թուրինյան ակումբի կազմում մասնակցել է 121 հանդիպման՝ դառնալով 92 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ժորժե Մենդեշ, Լա լիգա, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ