Կոռնելիան քիչ մնաց՝ շարունակեր իր հեքիաթը, սակայն Բարսան, ի վերջո, կոտրեց ամուր դիմադրությունը🎥

Կոռնելիան քիչ մնաց՝ շարունակեր իր հեքիաթը, սակայն Բարսան, ի վերջո, կոտրեց ամուր դիմադրությունը🎥

22/01/2021 - 02:27

Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց Սեգունդա Բ-ն ներկայացնող «Կոռնելիայի» դեմ։

Ինչպես և սպասվում էր, Ռոնալդ Կումանի սաները բացահայտ առավելություն ունեին ողջ խաղի ընթացքում։ Կատալոնական ակումբը ստեղծեց բազմաթիվ գոլային պահեր, սակայն «Կոռնելիայի» 21-ամյա դարպասապահ Ռամոն Խուան Ռամիրեսը, պարզապես, հրաշքներ էր գործում և նույնիսկ երկու անգամ կարողացավ հետ մղել «Բարսելոնայի» ֆուտբոլիստների իրացրած 11-մետրանոց հարվածները։

Նախ՝ 39-րդ րոպեին նշակետից վրիպեց Միրալեմ Պյանիչը, իսկ 80-րդ րոպեին՝ Ուսման Դեմբելեն։

«Կապտանռնագույններին» ոչ մի կերպ չհաջողվեց հիմնական ժամանակում խփել հաղթական գնդակը, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ առաջին խաղակեսի հենց մեկնարկում՝ 92-րդ րոպեին, «Բարսայի» ֆուտբոլիստներին, ի վերջո, հաջողվեց բացել խաղի հաշիվը։ Ուսման Դեմբելեն այն, ինչ չկարողացավ անել 11-մետրանոց նշակետից, արեց հեռահար գեղեցիկ հարվածով։

Լրացուցիչ ժամանակի մնացած հատվածում հանդիպման հյուրերը շարունակում էին վերահսկել գնդակի ընթացքն ու ավելի մոտ էին հաշիվը կրկնապատկելուն և այդպես էլ եղավ, քանի որ 120+1-րդ րոպեին Մարտին Բրեյթվեյթը ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 0։2։

Այսպիսով, չնայած «Կոռնելիան» կռվեց մինչև վերջ, ակումբի երիտասարդ դարպասապահը հրաշքներ գործեց, միևնույն է, «Բարսելոնայի» ֆուտբոլիստները կարողացան անչափ դժվարությամբ կոտրել մրցակցի դիմադրությունը՝ դուրս գալով Իսպանիայի գավաթի ընթացիկ՝ 2020/21 խաղարկության 1/8 եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023