Կոպա Ամերիկա-2024. հայտնի դարձան խմբային փուլի վերջի երկու մասնակիցները🎥
Հայտնի են դարձել Կոպա Ամերիկա-2024-ի խմբային փուլի վերջին երկու մասնակիցները։
ԱՄՆ-ում կայանալիք մրցաշարին այս անգամ մասնակցելու են նաև ԿՈՆԿԱԿԱՖ-ի` Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի ֆուտբոլի կոնֆեդերացիան, ներկայացնող 6 հավաքականներ, որոնք որակավորվել են Ազգերի լիգայի միջոցով։
ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ դուրս եկած հավաքականները միանգամից նվաճել են Կոպա Ամերիկայի խմբային փուլի ուղեգիր։ Այդ հավաքականներն էին մրցաշարի տանտեր` ԱՄՆ-ը, Մեքսիկան, Ճամայկան ու Պանաման։
Ազգերի լիգայի քառորդ եզրափակիչում պարտված 4 հավաքականներն էլ մարտի 24-ի վաղ առավոտյան մեկ խաղից բաղկացած փոքր եզրափակիչ անցկացրին` պարզելով Կոպա Ամերիկայի խմբային փուլի ուղեգիր նվաճող վերջին մասնակիցներին։
Կանադան Քայլ Լարինի ու Ջեյքոբ Շաֆելբուրգի խփած գոլերի շնորհիվ 2:0 հաշվով հաղթեց Տրինիդադ և Տոբագոյին` նվաճելով Կոպա Ամերիկայի խմբային փուլի ուղեգիր։
Կանադան ընդգրկվեց Կոպա Ամերիկա-2024-ի A խմբում և կմրցի Արգենտինայի, Պերուի ու Չիլի դեմ։
Մյուս ուղեգիրը վիճարկեցին Կոստա Ռիկայի ու Հոնուրասի հավաքականները։
Հոնդուրասը 10-րդ րոպեին Մայքլ Չիրինոսի ջանքերով բացեց հաշիվը, սակայն կոստառիկացիները հետագայում երեք գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը` հաղթելով 3:1 հաշվով։
Կոստա Ռիկայի գոլերը խփեցին Օռլանդո Գալոն, Ուորեն Մադրիգալն ու Ջեֆերսոն Բրենեսը։
Այսպիսով, Կոստա Ռիկան նույնպես որակավորվեց Կոպա Ամերիկա-2024-ի խմբային փուլ։ Գուստավո Ալֆարոյի գլխավորած թիմն ընդգրկվեց մրցաշարի D խմբում և կմրցի Բրազիլիայի, Կոլումբիայի ու Պարագվայի հավաքականների դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Կանադայի հավաքական, ԿՈՆԿԱԿԱՖ, ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգա, Կոպա Ամերիկա, Կոպա Ամերիկա-2024, Կոստա Ռիկայի հավաքական